Գեղամ Գևորգյանը մասնակցել է Բեռլինում կայացած Գյուղատնտեսության նախարարների 11-րդ համաժողովին
2019-01-22
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետության պարենի և գյուղատնտեսության նախարարի հրավերով Բեռլին կատարած այցի շրջանակում մասնակցել է «Գյուղատնտեսությունը վերածվում է թվայինի. խելացի լուծումներ ապագայի գյուղատնտեսության համար» խորագրով գյուղատնտեսության նախարարների 11-րդ համաժողովին և «Բեռլինյան կանաչ շաբաթ» ամենամյա միջազգային գյուղատնտեսական ցուցահանդեսին:
Գյուղատնտեսության նախարարների համաժողովին, որն անց էր կացվում ԳԴՀ գյուղատնտեսության նախարար Ջուլիա Քլոքների նախագահությամբ, մասնակցել են մոտ 70 երկրների գյուղատնտեսության նախարարներ: Համաժողովի ընթացքում անդրադարձ է կատարվել գյուղատնտեսության ոլորտում թվային տեխնոլոգիաների կիրառման հնարավորություններին և մարտահրավերներին, ապագա գյուղատնտեսության կարևոր բաղադրիչ հանդիսացող թվային տեխնոլոգիաներին, տարբեր երկրներում մեծածավալ տվյալների (big data) կիրառության լավագույն պրակտիկային, ինչպես նաև գյուղատնտեսության բնագավառում նոր տեխնոլոգիաների կիրառմանը:
Համաժողովի արդյունքում գյուղատնտեսության նախարարների կողմից ընդունվել է համատեղ կոմյունիկե և կոչ է արվել մասնակիցներին ազգային մակարդակներում իրականացնել դրանում առաջարկված գործողությունները:
Այցի շրջանակում Գեղամ Գևորգյանն ունեցել է մի շարք հանդիպումներ, այդ թվում` Վրաստանի բնապահպանության և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլիի, ՉԺՀ գյուղատնտեսության և գյուղի զարգացման նախարարի տեղակալ Քյու Դոնգյուի, ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրեն Գրացիանո դա Սիլվայի և ՊԳԿ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ներկայացուցիչ, գլխավոր տնօրենի օգնական Վլադիմիր Ռախմանինի հետ:
Կայացել են նաև հանդիպումներ Համաշխարհային բանկի ներկայացուցիչների և Նիդերլանդների Թագավորության կաթնարդյունաբերության բնագավառի գործարարների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հեռանկարներին առնչվող հարցեր:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին