ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել է լոլիկի ցեցի դեմ ագրոմիջոցառումների իրականացման հարցը

2018-12-18

1ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր կազմակերպվել էր խորհրդակցություն` լոլիկի հարավամերիկյան ցեցի դեմ ագրոմիջոցառումների իրականացմանը վերաբերող հարցերը քննարկելու նպատակով, որը վարում էր ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը: Հանդիպմանը մասնակցում էին մարզպետարանների գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետեր, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի մարզային կառույցների ղեկավարներ, գիտնականներ, ֆերմերներ, ոլորտի այլ պատասխանատուներ:

 

Հանդիպման սկզբում Գառնիկ Պետրոսյանը նշել է, որ չնայած նախորդ տարիներին ցեցի դեմ իրականացված պայքարի միջոցառումներին` բնակլիմայական պայմաններով պայմանավորված ընթացիկ տարում այն զգալի վնաս է հասցրել լոլիկի դաշտերին և պայքարի միջոցառումներ չիրականացնելու դեպքում շատ արագ կարող է տարածվել ամբողջ հանրապետությունում` վնասելով մորմազգի մշակաբույսերի ցանքատարածությունները:

 

Գառնիկ Պետրոսյանի խոսքով` հետագա վնասը կանխելու նպատակով 2019 թվականի համար մշակվել է պայքարի արդյունավետ միջոցներ, ըստ որի նախատեսվում է լոլիկի ցանքատարածքներում իրականացնել ֆերոմոնային թակարդների կիրառմամբ մշտադիտարկում, ինչը հնարավորություն կտա արագ հայտնաբերել վարակի օջախները, ճշգրտել պայքարի միջոցառումների ժամկետները և այդ մասին իրազեկել հողօգտագործողներին։

 

Հանդիպման մասնակիցները համակարծիք էին, որ ցեցի դեմ արդյունավետ պայքարի համար անհրաժեշտ է համակողմանի մոտեցում և ուսումնասիրություն` խնդրի վերաբերյալ առկա տեսական գիտելիքների և ֆերմերների պրակտիկ փորձի համադրմամբ: Կարևորվել է նաև հողօգտագործողների իրազեկվածության մակարդակի բարձրացումը զանգվածային լրատվամիջոցների,  խորհրդատվական ծառայությունների և տեղեկատվական գրքույկների միջոցով:

 

Այնուհետև հանդիպման մասնակիցները ներկայացրել են խնդրի հնարավոր լուծման իրենց տարբերակները և հնչեցրել մի շարք առաջարկներ, այդ թվում` նաև մարզերից մեկում պիլոտային ծրագրի իրականացման վերաբերյալ:

 

Ամփոփելով հանդիպման արդյունքները` Գառնիկ Պետրոսյանը նշել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հանգամանորեն կուսումնասիրի բոլոր առաջարկները` դրանք ծրագրային փաստաթղթում ներառելու նպատակով:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

Տպել