Խաղողագործության և գինեգործության հիմնադրամն ամփոփել է տարեկան աշխատանքները

2018-12-21

1Ավելացել են հայկական գինու արտահանման, ներքին սպառման ծավալները, ընդլայնվել է արտահանման աշխարհագրությունը

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը նախօրեին մասնակցել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տարեվերջյան հաշվետու միջոցառմանը, որին մասնակցում էին նաև գինեգործական ընկերությունների, միջազգային կառույցների ներկայացուցիչներ։

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, ողջունելով ներկաներին,  իր խոսքում կարևորել է հիմնադրամի գործունեությունը՝ որպես պետություն-մասնավոր հատված համագործակցության հաջողված հարթակ՝ հույս հայտնելով, որ կառույցի համախմբված, ստեղծագործ թիմի շնորհիվ հաջողություններն ու ձեռքբերումները ոլորտում կլինեն շարունակական։ Նա նաև հավելել  է, որ մշակվում է զարգացման ռազմավարություն, որի ներքո հստակ գործողությունների պլան է դրվելու խաղողագործության, գինեգործության և կոնյակագործության զարգացման համար։

 

Հայաստանի Խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը հանգամանորեն ներկայացրել է ընթացիկ տարում հիմնադրամի կողմից իրականացված և ընթացիկ ծրագրերը` խաղողագործական շրջաններում խաղողի տնկարկների քարտեզագրման հայեցակարգի մշակում, խաղողի ֆիլոքսերակայուն տնկարանի հիմնում, աշխարհագրական նշումով գինիների համակարգի ներդրում, կոլեկցիոն այգիներում հավաքագրված խաղողի սորտերի պահպանում և այլն, ինչպես նաև անդրադարձել է գինեգործության ոլորտի զարգացման դինամիկային: Նրա խոսքով՝ չնայած այս տարի բնակլիմայական պայմաններով պայմանավորված ունեցել ենք արտադրության որոշակի անկում, սակայն իրականացված ծրագրերի արդյունքում տարվա 6 ամիսների կտրվածքով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ շուրջ 30 տոկոս  արտահանման աճ  է արձանագրվել։ Շոշափելի աճ է նկատվում նաև գինու ներքին սպառման շուկայում: Այսպես, եթե նախորդ տարիներին այդ ցուցանիշը կազմում էր 1,2 լիտր մեկ անձի հաշվով, ապա 2018 թվականին այն հասել է մեկ անձի հաշվով 2,6 լիտրի:

 

Գինեգործական ընկերությունների արտադրանքը ներկայացվել է միջազգային տարբեր ցուցահանդեսներին, որի արդյունքում բազմաթիվ պայմանագրեր են կնքվել օտարերկրյա գործընկերների հետ։  Հայկական գինիներն արդեն ներկայացված են ավելի քան 30 երկրներում,  իրացման հիմնական շուկաներն են Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Շվեյցարիան, Ուկրաինան, Վրաստանը, Չինաստանը և Ֆրանսիան:

 

«Խաղողագործության և գինեգործության հիմնադրամը սերտ աշխատում է մեր արտադրողների հետ, յուրաքանչյուր ծրագիր, որ մենք ներկայացնում ենք կառավարությանը, նախապես համաձայնեցնում ենք արտադրողների հետ», – հավելել է Զարուհի Մուրադյանը:      

 

«Վան Արդի» ընկերության ներկայացուցիչ Վարուժան Մուրադյանը լավատեսորեն է տրամադրված, տարին որակի առումով բավական հաջող էր։  «Այս տարի արտադրանքի և արտահանման ծավալները շուրջ 35-40 տոկոսով աճել են. մենք զգում ենք, որ  գինի սպառող երկրները նոր քիմքերի կարիք ունեն, և մենք ունենք այն գինիները, որ կարող ենք իրենց հրամցնել և շուկա վերցնել»,- հավելել է նա։ Վարուժան Մուրադյանի խոսքով՝ հիմնադրամն այն շարժիչ ուժն է, որը նրանց առաջ է մղում, առանց որի օգնության իրենք  շատ հարցերում չեն կարող հաջողության հասնել։

 

«Ոսկեհատ վինյարդս» ընկերության հիմնադիր Գարուշ Սամվելյանը նշել է, որ վերջին շրջանում Հայաստանում գինեգործությունը վերածնունդ է ապրում, իսկ ոլորտի հետագա զարգացման համար անհրաժեշտ է խաղողագործությունը համապատասխանեցնել ժամանակակից  չափանիշներին, ավելացնել խաղողի ցանքատարածությունները և ապահովել խաղողագործական շրջանների համաչափ զարգացումը:

 

 ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

 

 

 

Տպել