Գեղամ Գևորգյանն աշխատանքային այցով Տավուշի մարզում էր

2018-12-03

1Մարզում զարգանում են խաղողագործությունն ու գինեգործությունը, առկա են գյուղական տուրիզմի զարգացման նախադրյալներ

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը նախօրեին աշխատանքային այցով Տավուշի մարզում էր: Այցի ընթացքում նրան ուղեկցում էին մարզպետի տեղակալ Սամվել Ռուբենյանը, փոխնախարար Արտակ Քամալյանը, Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի տնօրեն Գեորգի Խաչատրյանը և այլ պաշտոնատար անձինք: 

 

Այցի առաջին կանգառը Ներքին Կարմիրաղբյուր համայնքում էր, որտեղ նախարարի պաշտոնակատարը հանդիպել է բնակիչների հետ, ծանոթացել նրանց հուզող խնդիրներին: Գեղամ Գևորգյանը համառոտ ներկայացրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերը: Նա նաև տեղեկացրել է, որ նախօրեին կառավարության նիստում կայացված որոշմամբ պետությունը մասնակիորեն կփոխհատուցի 2018 թվականին մի շարք մարզերում, այդ թվում` Տավուշում տարերային աղետների հետևանքով գյուղացիական տնտեսությունների կրած վնասները: 

 

Աչաջուր համայնքում Գեղամ Գևորգյանը եղել է «Գյուղի զարգացման արդի նախաձեռնություն» ծրագրի շրջանակում վերջերս բացված Գյուղատնտեսական սպասարկման կենտրոնում, ինչպես նաև սպասարկման կենտրոնին կից գործող Գինեգործական փորձացուցադրական արտադրամասում, որը հիմնվել է CARD հիմնադրամի կողմից «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» ծրագրի շրջանակներում: Այս երկու նորաբաց կենտրոնների ստեղծման հիմնական նպատակն է նպաստել մարզում խաղողագործության, գինեգործության և տուրիզմի զարգացմանը։

 

Կենտրոնի մենեջեր Ռոման Թամրազյանը նշում է, որ այս տարի Այգեհովիտ համայնքի այգիների աճեցված խաղողի նոր սորտերից պատրաստվում են ստանալ սպիտակ և կարմիր բարձրորակ գինիներ: Կենտրոնն ունի նաև համտեսի սրահ, որտեղ հյուրերը կարող են համտեսել տեղական գինին և հաղորդակից դառնալ հայկական գինեգործության հնագույն ավանդույթներին: 

 

Աչաջուր համայնքում Գեղամ Գևորգյանը ծանոթացել է նաև «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» և «Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը. համայնքների դիմակայունության ամրապնդում» ծրագրերի շրջանակում վերջերս մեկնարկած «Գինու բակ» նախագծին, որը միտված է զարգացնել տնական գինու զբոսաշրջությունը:

 

Ծրագրի շահառուներից գինեգործ Ստեփան Դավթյանը, որը 4 հազար քմ խաղողի այգի ունի և զբաղվում է սպիտակ գինու արտադրությամբ, նշում է, որ իր գինեգործական արտադրանքն իրացվում է տեղում, առաջիկայում նախատեսում են ավելացնել արտադրության ծավալները: 

 

Իր հերթին ՄԱԿԶԾ փորձագետ Լուսինե Բալայանը հավելում է, որ նախաձեռնության գաղափարը պայմանավորված էր գյուղական համայնքների նկատմամբ զբոսաշրջիկների տարեցտարի աճող հետաքրքրությամբ: Նրա խոսքով` ներկա պահին «Գինու բակ» նախագիծն ունի չորս շահառու` Աչաջուրում, Աշտարակում, Բյուրականում և Արենիում, իսկ Խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հետ համատեղ ջանքերով առաջիկայում նախատեսվում է ընդլայնել ծրագրի շրջանակը` ընդգրկելով շուրջ 30 շահառուի խաղողագործական հինգ մարզերից: Քանի որ ծրագիրը խթանում է գյուղական համայնքների զարգացումը` շահառուները պետք է լինեն բացառապես գյուղական համայնքների մշտական բնակիչներ: 

 

Մարզում զարգանում է նաև չրագոծությունը: Բերքաբերցի Աղաս Խուդավերդյանն արքայանարնջի չրի արտադրությամբ է զբաղվում։ Պտուղը սեփական այգուց է, որի տարածքը 2.6 հեկտար է, որն այս տարի ևս 4 000 մետրով ընդլայնել է։ Արտադրանքը օրգանիկ սերտիֆիկացման անցման փուլում է գտնվում։ Իրացման խնդիրներ չունեն։ Թարմ արքայանարինջը սպառում են տեղական շուկայում, չիրն արտահանվում է։

 

Գեղամ Գևորգյանի այցը շարունակվել է Լուսաձոր համայնքի անասնապահական ֆերմայում և կաթնամթերքի արտադրամասում, որտեղ «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամը վերջերս իրականացրել է արդիականացման և ընդլայնման աշխատանքներ: Նախարարի պաշտոնակատարը շրջել է արտադրամասում և ծանոթացել արտադրական հզորություններին:

 

Աշխատանքային այցի ավարտին Գեղամ Գևորգյանը եղել է «Իջևանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ում, ծանոթացել գինու արտադրության գործընթացին: 
Ներկայումս գործարանն արտադրում է ալկոհոլային խմիչքների ընդարձակ տեսականի` նռան, մոշի, հոնի, սերկևիլի, վարդի,բալի գինիներ, փրփրուն գինիներ, հոնից, ծիրանից, թթից և խաղողից պատրաստվող օղիներ, կոնյակ և հյութեր:

 

Գործարանի գործադիր տնօրեն Ատոմ Եգորյանը դրական է գնահատում ընթացիկ տարում արձանագրված ցուցանիշները. մասնավորապես, գինու, կոնյակի և օղու վաճառքն աճել է շուրջ 30 տոկոսով, ավելացել է նաև պահածոների արտադրության ծավալը` նախորդ տարվա 800 հազար տարայից հասնելով մոտ 1մլն 200 հազարի: Մթերումների դիմաց պարտքեր չկան, գյուղացիներին գումարները վճարվում են անմիջապես տեղում:

 

Անդրադառնալով արտահանման խնդիրներին` Ատոմ Եգորյանը տեղեկացրել է, որ արդեն մեկ տարի է, ինչ ընկերության արտադրանքը ներկայացված է նաև չինական շուկայում, և թեև հայ արտադրողի համար այն բավական հետաքրքիր է, սակայն նկատվում է հայկական բրենդը գովազդելու և ճանաչելիությունը բարձրացնելու անհրաժեշտություն:

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել