Գեղամ Գևորգյանը մասնակցել է Ոսկեհատի գինեգործության ուսումնագիտական կենտրոնի բացման արարողությանը

2018-12-13

1ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը մասնակցել է Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանի Ոսկեհատի գինեգործության ուսումնագիտական կենտրոնի բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպանը, պաշտոնատար այլ անձինք:

 

Ուսումնագիտական կենտրոնը բաղկացած է գինեգործարանից և «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» (ICARE) հիմնադրամի Ի-Վի-Էն Գինու ակադեմիայի Միկրոգինեգործության ուսումնական կենտրոնից: Կենտրոններում ուսանողները հնարավորություն կունենան ստանալ պրակտիկ գիտելիքներ` ընդգրկվելով գինեգործական ամբողջ գործընթացի մեջ, իսկ դասախոսներն ու ոլորտի մասնագետները` զբաղվել հետազոտական աշխատանքներով:

 

Իր բացման խոսքում ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը մասնավորապես նշել է, որ այսօր հանրապետությունում առկա է խաղողագործության և գինեգործության զարգացման զգալի ներուժ, և առաջիկայում երկրի ագրարային քաղաքականությունն ուղղված է լինելու այդ ներուժի արդյունավետ օգտագործմանը:

 

«Միջազգային շուկայում մրցունակ, բարձրորակ գինիներով ներկայանալու համար հարկավոր է հիմնել գինեգործական ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմամբ խաղողի այգիներ: Կարևոր է նաև ժամանակակից գիտելիքներով զինված բարձրակարգ մասնագետների առկայությունը։ Այդ խնդրի լուծմանը մեծապես կարող է նպաստել նորաստեղծ Ոսկեհատի գինեգործության ուսումնագիտական կենտրոնը: Համոզված եմ, որ Ոսկեհատի գինեգործության ուսումնագիտական կենտրոնը նշանակալից դեր կունենա ոլորտում նոր հաջողությունների գրանցման հարցում», – ընդգծել է Գեղամ Գևորգյանը:

 

Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանի ռեկտորի պաշտոնակատար  Վարդան Ուռուտյանն իր հերթին նշել է, որ կենտրոնի բացումը կարևոր ձեռքբերում է ոչ միայն Ագրարային համալսարանի ուսանողների, այլև գործատուների համար, քանի որ այստեղ ուսանողները կստանան այնպիսի կրթություն, որը կբավարարի ոլորտի պահանջները:

 

«Սրանով մենք ազդակ ենք ուղարկում գործատուներին, որ այլևս Ագրարային համալսարանի գինեգործ շրջանավարտները տիրապետելու են իրենց ոլորտի բոլոր պրակտիկ և գործնական հմտություններին», – նշել է նա:
Վարդան Ուռուտյանը նաև  հավելել է, որ նախքան կենտրոնի ստեղծումը ուսումնասիրվել է արտասահմանյան մի շարք գործընկեր համալսարանների փորձը, որոնց արտադրամասերում ուսանողները ստանում են գործնական հմտություններ:

 

ՀՀ Կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանն իր հերթին ընդգծել է գյուղատնտեսության ոլորտում հատկապես գինեգործության ճյուղի զարգացման կարևորությունը. «Մեր հիմնական նպատակը արտադրական այս ճյուղը զարգացնելն է, այս ճյուղի միջոցով Հայաստանը ճանաչելի դարձնելը և կարծում եմ մենք ճիշտ ճանապարհին ենք»:

 

ՀԱԱՀ Ոսկեհատի ուսումնագիտական կենտրոնի ղեկավար, գլխավոր գինեգործ Արտակ Գաբրիելյանի տեղեկացմամբ գործարանն այս տարի առաջին անգամ է շահագործվել և մթերվել է մոտ 30 տոննա խաղող: Նրա խոսքով` ուսանողները ոգևորված են և ակտիվորեն մասնակցում են գինեգործարանում իրականացվող գինու պաստրաստման ողջ գործընթացին:

 

Բացման արարողությանը հետևել է կարճատև շրջայցը, որի ընթացքում հյուրերը ծանոթացել են նորաստեղծ կենտրոնի հնարավորություններին:

 

 

 

 

 

 

 

 

 

Ավելի մանրամասն տեսանյութում`

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել