Գեղամ Գևորգյանը հանդիպումներ է ունեցել Արցախի Հանրապետության նախագահի, պետնախարարի և գյուղատնտեսության նախարարի հետ

2018-12-04

1Արցախի Հանրապետությունում երկօրյա պաշտոնական այցով գտնվող ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն նախօրեին հանդիպումներ է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի և գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանի հետ:

 

Առաջին հանդիպումը կայացել է ԱՀ գյուղատնտեսության նախարարության ղեկավար կազմի հետ, որին հաջորդել է ընդլայնված հանդիպում նախարարության աշխատակազմի հետ:

 

Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են հայկական երկու պետությունների գյուղատնտեսության ոլորտի ներկա վիճակը, առաջնահերթ ուղղություններն ու զարգացման միտումները: Առանձին անդրադարձ է կատարվել երկու գերատեսչությունների միջև համագործակցության հեռանկարներին:

 

Հանդիպման ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում  Գեղամ Գևորգյանը, մասնավորապես նշել է. «Հստակ երկու կողմն էլ պատկերացնում ենք, որ պետք է ունենանք ամուր համագործակցություն, համատեղ ծրագրեր իրականացնենք թե’ անասնաբուծության և անասնաբուժության, թե’ պտղաբուծության ոլորտներում, մենք մեկ միասնական ուժով պետք է կարողանանք զարգացնել երկու երկրների գյուղատնտեսությունը»:

 

Զրույցի ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել երկու հայկական պետություններում իրականացնել գյուղատնտեսության ոլորտում բարեհաջող և դրական արդյունքներ գրանցած ծրագրերը:

 

ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանն իր հերթին նշել է, որ հանդիպմանը քննարկվել է երկուստեք հետաքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, այդ թվում` անասնաբուծության ոլորտի կանոնակարգմանը, կենդանիների հիվանդությունների դեմ պայքարի ընդհանուր ծրագրի մշակմանը և երկու հանրապետություններում անասնահակահամաճարակային կայուն իրավիճակի ապահովմանը վերաբերող հարցեր:

 

Այնուհետև Գեղամ Գևորգյանի գլխավորած պատվիրակությանը ընդունել է նաև Արցախի Հանրապետության պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը: Զրույցի ընթացքում կողմերը, մասնավորապես, անդրադարձել են ագրարային բնագավառում երկկողմ հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանը:
Այցի շրջանակում ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանին այսօր ընդունել է նաև Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մանրամասները` Արցախի հեռուստատեսության մեր գործընկերների տեսանյութերում`

 

 

 

Առաջին լուսանկարի աղբյուրը` Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնական կայքէջ

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել