Մեկ գավաթ գինու շուրջ. Գեղամ Գևորգյանը հանդիպել է գինեգործների հետ
2018-11-30
Հայկական գինեգործությունը վերելք է ապրում, աճում են արտադրության և արտահանման ծավալները, ընդլայնվում է արտահանման աշխարհագրությունը
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը նախօրեին՝ աշխատանքային օրվա ավարտից հետո մայրաքաղաքի Սարյան փողոցում գտնվող գինեսրահներից մեկում ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանի և հայկական գինի արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ: Մեկ գավաթ հայկական գինու շուրջ հանդիպման մասնակիցները զրուցել են ոլորտի զարգացումների, հիմնախնդիրների մասին, կիսվել դրանց լուծման մասին մտքերով:
Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանի խոսքով՝ գինեգործությունը մեր երկրում վերջին տարիներին վերելք է ապրում, բավականին մեծ են ներդրումային հոսքերը, ամեն տարի նոր գինեգործական ընկերություններ են ստեղծվում, հիմնվում են նոր այգիներ, ընդլայնվում է արտահանման աշխարհագրությունը, նաև հիմնադրամի կողմից կազմակերպվող բազմաթիվ միջոցառումների շնորհիվ ավելանում են արտահանման ծավալները: Հիմնադրամի ղեկավարը նշում է, որ այժմ ակտիվորեն աշխատանքներ են տանում գինեհումքի որակի բարձրացման և հայկական գինիների միջազգային վարկանիշի և ճանաչելիության բարձրացման ուղղությամբ:
Իսկ թե ինչու տեղական և արտերկրյա սպառողը պետք է նախընտրի հենց հայկական գինին հարցին, Զարուհի Մուրադյանն ունի իր պատասխանը՝ այն բարձրորակ է, տալիս է էներգիա, ուժ և ոգևորում էլ ավելի մոտիվացված աշխատանքի:
Մանրամասները՝ տեսանյութում՝
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին