ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի ողջույնի խոսքը «Արմպրոդէքսպո-2018» մասնագիտացված ցուցահանդեսի բացմանը
2018-11-03
Հարգելի գործընկերներ, հյուրեր, մասնակիցներ,
Ուրախ եմ ողջունել Ձեզ «Արմպրոդէքսպո-2018» արդեն թվով 17-րդ մասնագիտացված ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը:
Ամենամյա ավանդույթ է դարձել գյուղատնտեսական տարվա ավարտն ամփոփել խորհրդանշական այս միջոցառմամբ, որը պետություն-մասնավոր հատված համագործակցության հաջողված օրինակ է, արտադրող-սպառող երկխոսության օգտակար հարթակ: «Արմպրոդէքսպոն» հրաշալի հնարավորություն է գյուղատնտեսական արտադրության, վերամշակող արդյունաբերության ձեռքբերումները ներկայացնելու, սեփական արտադրանքի մրցունակությունը գնահատելու, ինչպես նաև արտահանման հնարավորություններն ընդլայնելու և նոր գործարար կապեր հաստատելու համար և հուսով եմ, որ այս երեք օրերի ընթացքում մասնակիցները լավագույնս կօգտագործեն այն:
Այս տարի ցուցահանդեսը մեկ հարկի տակ է հավաքել Հայաստանի և Արցախի ավելի քան 70 կազմակերպությունների, ունենք մասնակիցներ նաև Իտալիայից, Ռուսաստանից և Իրանից:
Ցուցահանդեսի մասնակիցները, որոնք այսօր այստեղ ներկայացնում են իրենց հաջողության պատմությունները, կարևորագույն ուղերձ ունեն մեզ բոլորիս, այն է՝ գյուղատնտեսությունը մեր երկրում կարող է լինել շահութաբեր և արդյունավետ աշխատող բիզնես, և մենք պարտավոր ենք ներդնել առավելագույն ջանքեր, որպեսզի նրանք շարունակեն զարգանալ, ինչպես նաև ստեղծվեն նոր բիզնեսներ, որոնք լոկոմոտիվ կդառնան մյուսների առաջմղման համար:
Գյուղատնտեսությունը երկրի և տնտեսության համար ռազմավարական ոլորտ է և հանդիսանում է կառավարության առաջնահերթություններից: Սակայն կարևոր է արձանագրել, որ մեր տեսլականն է գիտելիքի վրա հիմնված, բարձր արդյունավետություն ունեցող, ավելացված արժեք ստեղծող, մրցունակ և նորարար գյուղատնտեսության ստեղծումն ու զարգացումը: Դրան հասնելու նպատակով շարունակելու ենք ուշադրություն դարձնել ինտենսիվ այգիների ու ոռոգման արդիական համակարգերի ներդրման խթանմանը, սուբսիդավորման ծրագրերի արդյունավետության բարձրացմանը՝ մասնավորապես կապիտալի սուբսիդավորման ծրագրերի իրականացմանը, սերմնաբուծության զարգացմանը, գյուղատնտեսական կենդանիների տոհմային և մթերատու հատկանիշների բարելավմանը, գյուղատնտեսական կոոպերացիայի խթանմանը, գինեգործական արտադրանքի մրցունակության և վարկանիշի բարձրացմանը, ապահովագրական համակարգի ներդրմանը:
Հայաստանի տնտեսության մրցունակության բարձրացման և տնտեսական աճի ապահովման նպատակով` կառավարությունը ագրոպարենային ոլորտում շարունակելու է վարել արտահանման ներուժի բացահայտմանն ու ընդլայնմանն ուղղված պետական քաղաքականություն:
Հարգելի բարեկամներ,
Հավատացած եմ, որ այս ցուցահանդեսը խթան կհանդիսանա պետություն-մասնավոր հատված հետագա համագործակցության ընդլայնման և ոլորտի առաջանցիկ զարգացման համար և վստահ եմ, որ տարեցտարի կավելանա ցուցահանդեսի մասնակիցների քանակը և ընդլայնվի աշխարհագրությունը՝ մեր հանրությանը ներկայացնելով նոր խոսք, նոր գաղափարներ և նոր որակ։
«Արմպրոդէքսպո-2018» մասնագիտացված ցուցահանդեսը հայտարարվում է բացված:
Մաղթում եմ արդյունավետ աշխատանք կազմակերպիչներին և մասնակիցներին:
Շնորհակալություն