ՀԲ-ի հետ քննարկվել են գյուղոլորտում պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ ծրագրերի իրականացման հնարավորությունները
2018-11-27
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը, որի կազմում էին մասնավոր հատվածի ավագ մասնագետ Թոմաս Վիսը և գյուղատնտեսության ավագ մասնագետ Արուսյակ Ալավերդյանը։
Հանդիպման նպատակն էր քննարկել Համաշխարհային բանկի աջակցությամբ գյուղատնտեսության ոլորտում պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ (PPP) ծրագրերի իրականացման հնարավորությունները։
Ողջունելով հյուրերին՝ Գեղամ Գևորգյանը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի հետ գյուղատնտեսության ոլորտում համագործակցության առկա մակարդակը։
Նախարարի պաշտոնակատարը նշել է, որ PPP ձևաչափն առավել նպատակահարմար կարող է լինել առավել լայնածավալ և հանրային նշանակություն ունեցող ծրագրերի իրականացման համար, միաժամանակ հնարավոր է համարել դրանց իրականացումը թռչնաբուծության ոլորտում, ինչպես նաև կաթի հավաքման կայանների, տնկարանների և գյուղմթերքի մեծածախ շուկաների ստեղծման հարցում՝ ակնկալելով Համաշխարհային բանկի աջակցությունը ներդրողների ներգրավման հարցում։
Թոմաս Վիսն իր խոսքում մասնավորապես կարևորել է ներդրողների համար գրավիչ ծրագրերի կազմմանը, իրավական դաշտի կանոնակարգմանը, բիզնես միջավայրին առնչվող և մի շարք այլ հարցեր։
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին