Իսպանական «Գլոբալթեք» ընկերությունը նախատեսում է Հայաստանում զբաղվել ինտենսիվ այգեգործությամբ
2018-11-28
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր ընդունել է իսպանական «Գլոբալթեք» ընկերության ներկայացուցիչներին։ Կազմակերպությունը նախատեսում է Հայաստանում իրականացնել գործող գիտաարտադրական կենտրոնների վերազինում, որտեղ կկարողանան վերապատրաստվել հայ մասնագետներն ու ֆերմերները, ինչպես նաև զբաղվել ինտենսիվ այգեգործությամբ:
Ողջունելով հյուրերին և նշելով, որ երկու նախաձեռնություններն էլ երկրի համար կարևոր և արդիական են` Գեղամ Գևորգյանը պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերել դրանց իրագործմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ինտենսիվ այգեգործության զարգացմանը, ընկերության կողմից նախատեսվող այգու հիմնմանը, նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ այգեգործական աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը, ծրագրի իրականացման նպատակով վարկային միջոցների ներգրավմանը վերաբերող հարցեր:
Գյուղատնտեսության ոլորտում համագործակցությունն ընդլայնելու նպատակով պատվիրակության անդամներն առաջարկել են ստորագրել փոխըմբռնման հուշագիր:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին