Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի հետ քննարկվել են հետագա համագործակցության հեռանկարները
2018-11-23
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր ընդունել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) Հյուսիսային Աֆրիկայի և Եվրոպայի ստորաբաժանման հայաստանյան ծրագրերի տարածաշրջանային ղեկավար Նույֆել Թելահիգի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին` Գեղամ Գևորգյանն ընդգծել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի հետ համատեղ ծրագրերի կարևորությունը և հույս հայտնել, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ երկկողմ համագործակցությունն ավելի կընդլայնվի ու կզարգանա:
Նախարարի պաշտոնակատարը հյուրերին համառոտ ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտում կառավարության կողմից որդեգրված քաղաքականությունը և գյուղատնտեսության ոլորտում նախատեսվող բարեփոխումները, միջազգային այլ կազմակերպությունների հետ համատեղ իրականացվող ծրագրերը:
Այնուհետև կողմերը համառոտ քննարկել են ընթացիկ ծրագրերը, դրանց արդյունավետության բարձրացման ուղղված հնարավոր քայլերը, ինչպես նաև նախանշել նոր ծրագրերի իրականացման հիմնական ուղղությունները:
Զրույցի ընթացքում առանձին անդրադարձ է կատարվել Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳէՀ/GEF)` «Հայաստանում արտադրողականության աճին ուղղված հողերի կայուն կառավարում» ծրագրին, որն իրականացվում է ՀՀ ԿԱ «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի կողմից: Ծրագրի ընդհանուր նպատակն է բարձրացնել փոքր տնտեսություն վարող ֆերմերների եկամուտը և ակտիվները` հողերի կայուն կառավարման համակարգերում և տեխնոլոգիաներում կատարվող ներդրումների միջոցով։
Նույֆել Թելահիգն իր հերթին պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ նոր ծրագրերի մշակման և իրականացման գործում:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին