Գեղամ Գևորգյանն այցելել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ

2018-11-09

1 (5)ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այցելել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ՝ արձագանքելով նոյեմբերի 6-ին «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի եթերում հնչեցված օգտատեր Հովակիմ Զաքարյանի հրավերին, ով ինստիտուտի հակավիրուսային պաշտպանության մեխանիզմների հետազոտման խմբի գիտական ղեկավարն է։

 

Գեղամ Գևորգյանը հանդիպումներ է ունեցել ինստիտուտի աշխատակիցների հետ, ծանոթացել իրականացվող աշխատանքներին և լսել նրանց առաջարկությունները։ Նախարարի պաշտոնակատարը համագործակցության պատրաստակամություն է հայտնել:
Ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը ներկայացրել է գյուղատնտեսության հետ անմիջական առնչություն ունեցող հետազոտությունների շրջանակը՝ մասնավորապես առանձնացնելով խոզերի աֆրիկյան ժանտախտի վիրուսի,  հակաբիոտիկակայուն բակտերիաների դեմ պայքարի միջոցների մշակումը, խաղողի գենետիկական հայկական սորտերի ուսումնասիրությունն ու վերականգնումը։

 

Հովակիմ Զաքարյանը նշել է, որ վերջին երեք տարիների ընթացքում խոզերի աֆրիկյան ժանտախտի վիրուսի դեմ պայքարի միջոցների մշակման նպատակով իրականացված հետազոտությունների արդյունքում արդեն բնութագրվել են չորս քիմիական միացություններ, որոնք բավականին լավ ճնշում են վիրուսի բազմացումը  և պոտենցիալ դեղամիջոց դառնալու հնարավորություն ունեն: Նրա խոսքով՝ հետազոտությունների արդյունքները տեղ են գտել միջազգային լավագույն ամսագրերում:

 

Բույսերի գենետիկայի և իմունաբանության խումբը՝ Քրիստինե Մարգարյանի ղեկավարությամբ, Գերմանիայի խաղողի սելեկցիայի ինստիտուտի հետ համատեղ  Խաղողագործության և գինեգործության հիմնադրամի աջակցությամբ վերջին երկու տարում Հայաստանում իրականացրել է եվրոպական ստանդարտներին համապատասխան խաղողի կոլեկցիոն այգու գենոտիպավորում, իսկ 2019 թվականին առաջին անգամ կբացվի խաղողի տվյալների բազա, որը կապված կլինի նաև եվրոպական բազայի հետ, ինչը կօգնի բարձրացնել հայկական սորտերի ճանաչելիությունը։  Քրիստինե Մարգարյանը նշել է, որ վերջերս Գերմանիայում մասնակցել է   ուսումնասիրությունների,  որոնց արդյունքները վկայում են, որ հատկապես  Հայաստանում աճող վայրի խաղողները մեծ պոտենցիալով են օժտված և դրանք միանշանակ կարելի է ներգրավել սելեկցիոն աշխատանքներում։

 

 

Մանրամասները՝ տեսանյութում

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           

 

 

 

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել