Ազատություն ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում Գեղամ Գևորգյանը պատասխանել է օգտատերերի հարցերին

2018-11-07

11Դրամական աջակցություն՝ կարկտահարության վնասներից տուժած գյուղացիական տնտեսություններին և գյուղատնտեսական ապահովագրության ներդրում

 

Ազատություն ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը հայտնել է, որ այս տարի դրամական օժանդակություն է տրամադրվելու կարկտահարության վնասներից տուժած գյուղացիական տնտեսություններին, հատուցման չափն արդեն որոշված է, և կառավարության որոշումը կհրապարակվի այն ընդունվելուց հետո:  Բնական աղետներից պաշտպանության համակարգ է մշակվում՝ ռիսկերի կանխարգելման նպատակով, ներդրվում է ապահովագրական համակարգ, որը վնասների փոխհատուցման հստակ մեխանիզմ կստեղծի: «Հաջորդ տարի մենք փորձնական ծրագիր ենք իրականացնելու՝ կոնկրետ մշակաբույսերի և 2 մարզերի տարածքներում»,- ընդգծել է Գեղամ Գևորգյանը:

 

Խորհրդատվական համակարգի աշխատանքների բարելավում

 

Նախարարի պաշտոնակատարը կարևորել է խորհրդատվական կառույցի գործունեությունը: Նրա խոսքով, սակայն, գյուղացիական տնտեսությունների թիվն այնքան մեծ է, որ խորհրդատուների քանակը 2-3 անգամ ավելացնելու դեպքում անգամ հնարավոր չի լինի բոլորի հետ հանդիպել: «Այժմ հետազոտություն ենք իրականացնում ճշտելու, թե գյուղացիական տնտեսությունները հատկապես որ տեղեկատվական աղբյուրներից են օգտվում՝ հեռուստատեսություն, համացանց, sms ծառայություններ: Այդ հետազոտության արդյունքը կունենանք դեկտեմբերի կեսերին, և տեղեկատվությունն առավել հասցեական  խողովակներով տեղ կհասցնենք շահառուներին, արդեն պատրաստ է նաև տեղեկատվական թերթիկը, որը կփակցվի բոլոր վարչական տարածքներում, հրապարակվելու է մեր թեժ գծի հեռախոսահամարը, որի միջոցով գյուղացիները կարող են կապ հաստատել մեզ հետ, մենք նաև անձնապես թեմատիկ հանդիպումներ ենք ունենում ֆերմերների և վերամշակողների հետ, նաև նոր մոտեցում ենք կիրառելու, երբ խորհրդատուների դերում հանդես կգան հաջողված փորձ ունեցող ֆերմերները, ինչը կբարձրացնի տեղեկատվության նկատմամբ վստահության աստիճանը»,- պարզաբանել է բանախոսը։

 

Մշակվում է գյուղատնտեսության զարգացման հայեցակարգ

 

Նախարարի պաշտոնակատարը տեղեկացրել է, որ մշակվում է գյուղատնտեսության զարգացման հայեցակարգ, որը շուտով կդրվի նաև հանրային քննարկման՝ կոչ անելով բոլորին ակտիվորեն մասնակցել այդ քննարկումներին՝ ներկայացնելով իրենց տեսակետները: «Մեր գերխնդիրն է փոքր գյուղացիական տնտեսությունները դարձնել միջին գյուղացական տնտեսություններ, գործիքակազմերը շատ են՝ մշակովի հողերի ավելացում, արդյունավետության բարձրացում, հեկտարից առավելագույն բերքի ստացում և այլն»,-ընդգծել է պաշտոնյան։

 

Օնլայն հարթակ՝ գյուղմթերքի իրացմանն աջակցելու համար

 

Անդրադառնալով գյուղատնտեսության պլանավորման և գյուղմթերքի իրացման գործում աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ հարցադրմանը՝ Գեղամ Գևորգյանը տեղեկացրել է, որ  ստեղծվում է էլեկտրոնային հարթակ, որտեղ կտեղադրվեն ըստ սեզոնների շուկաների վերաբերյալ ուսումնասիրությունը, ներքին շուկաների գնային մոնիթորինգը, պահանջարկի ուսումնասիրությունը, հողերի գոտիականության ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում, որպեսզի ըստ կլիմայական պայմանների գյուղացիական տնտեսություններին ներկայացվի խորհրդատվություն տարբեր տարածքներում ավանդական և ոչ ավանդական մշակաբույսերի աճեցման նպատակահարմարության վերաբերյալ։ 

 

 

 ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Տպել