Քննարկվել են գյուղատնտեսության ապահովագրության ներդրման փորձնական ծրագրին առնչվող հարցեր
2018-10-29
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր հանդիպել է ՀՀ Կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ՝ մեկնարկող գյուղատնտեսության ապահովագրության փորձնական ծրագրին առնչվող հարցերը քննարկելու նպատակով:
Հանդիպման սկզբում Գեղամ Գևորգյանն ընդգծել է գյուղատնտեսական ապահովագրական համակարգի ներդրման կարևորությունն ու հրատապությունը:
Ապահովագրական պիլոտային ծրագրում առավել նպատակահարմար է համարվել ներառել բնակլիմայական ռիսկերից Հայաստանին առավել բնութագրական կարկտահարությունն ու ցրտահարությունը:
Փորձնական ծրագրի ընթացքում KfW բանկի կողմից կտրամադրվի 5 մլն եվրո և նույնքան էլ կլինի համաֆինանսավորում պետական բյուջեից, որը կուղղվի ապահովագրական վճարների սուբսիդավորմանը:
Հանդիպման ընթացքում առանձին անդրադարձ է կատարվել ծրագրի շրջանակում վնասի գնահատման չափորոշիչների և մեթոդաբանության մշակմանը, «Նարմա» բյուրոյի ստեղծմանը, որի հիմնական նպատակը կլինի այդ ապահովագրական պրոդուկտների և բնածին աղետների վնասների գնահատման համակարգումը:
Կողմերը համակարծիք էին, որ անհրաժեշտ է պիլոտային ծրագրի նախապատրաստական աշխատանքները հնարավորինս օպերատիվ իրականացնել, որպեսզի 2019 թվականի սկզբում արդեն հնարավոր լինի գործարկել ծրագիրը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին