ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել է գյուղական համայնքների զարգացմանն ուղղված վարկային ծրագրի նոր նախագիծը
2018-10-24
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) վարկային գծով ավագ մասնագետ Վիոլին Սիլվեստրոյին և վարկային գծով մասնագետ Բարբորա Զեմանովային:
Հանդիպման նպատակն էր քննարկել գյուղատնտեսության ոլորտում ոռոգման համակարգերի արդիականացմանը վերաբերող ներդրումային նոր ծրագիրը, որով նախատեսվում է վարկային միջոցներ տրամադրել Հայաստանի մի շարք մարզերում ոռոգման ենթակառուցվածքների վերականգնման ու զարգացման համար:
Ողջունելով հյուրերին` նախարար Գեղամ Գևորգյանը կարևորել է ոռոգման համակարգերի արդիականացմանն ու ջրային ռեսուրսների խնայողությանն ուղղված ծրագրերի նախաձեռնումը և շեշտել, որ այսպիսի ծրագրերը մշտապես գտնվում են ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում:
Այնուհետև ԵՆԲ վարկային գծով ավագ մասնագետ Վիոլին Սիլվեստրոն համառոտ ներկայացրել է նախագծի առանցքային կետերը: Մասնավորապես, նա նշել է, որ նախագծի հիմնական նպատակն է ոռոգման ժամանակակից համակարգերի ներդրման միջոցով նվազեցնել ջրի կորուստներն ու անարդյունավետ օգտագործումը, նպաստելով գյուղատնտեսական արտադրանքի որակի բարելավմանը, ինչն իր հերթին կհանգեցնի տարածաշրջանային շուկաներում հայկական արտադրանքի մրցունակության բարձրացմանը: Ծրագրի առանձին բաղադրիչներից է խորհրդատվական համակարգերի բարելավումը:
Տեղեկացնելով հյուրերին, որ ոռոգման ոլորտում նմանատիպ ծրագրեր դոնոր կազմակերպությունների աջակցությամբ Հայաստանում արդեն իսկ իրականացվել են և ունեցել դրական արդյունք` նախարար Գեղամ Գևորգյանը միաժամանակ ընդգծել է գյուղատնտեսական գործունեության տեսանկյունից նշված նախագծի արդյունավետության գնահատումը:
Նշելով, որ առաջիկայում նախատեսվում է իրականացնել հողերի գոտիավորում և քարտեզագրում, ինչը հնարավորություն կտա համապարփակ տեղեկատվություն ունենալ Հայաստանում աճեցվող մշակաբույսերի վերաբերյալ` Գեղամ Գևորգյանը վստահություն է հայտնել, որ քարտեզագրման ընթացքում ձեռքբերված տվյալները ևս կարող են նպաստել վերոնշյալ ծրագրի բարեհաջող իրականացմանը:
Հանդիպման ընթացքում Գեղամ Գևորգյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել ներկայացված ծրագրի իրագործմանը և վստահեցրել, որ առաջիկայում այն հանգամանորեն կուսումնասիրվի և առաջարկները կներկայացվեն նախաձեռնող կողմին:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին