Իրենց մոռացված տեղը հիշեցնելու համար ուղղակի շահարկում են. Գյուղնախարարի պաշտոնակատարը կարտոֆիլի հնարավոր թանկացման մասին

2018-10-10

GP1Նախօրեին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանն ասել է, որ այս տարի կարտոֆիլի արտադրության համար անհաջող տարի էր: Պատճառը նա կապում է շոգ եղանակի հետ. «Բերքի պակաս ունենք: Կարտոֆիլի գինը սովորականից մի փոքր բարձր է»: Բերբերյանը նշել է, որ առաջիկայում կարտոֆիլի գինը կհասնի 250-ից մինչև 300 դրամի:

 

«Ուղղակի շահարկում են, երբեմն իրենց մոռացված տեղը հիշեցնելու համար կամ այլ նկատառումներով»,- այս մասին մեր զրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը, որն այժմ կատարում է գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատարի պարտականությունները:

 

- Պարոն Պետրոսյան, գյուղոլորտի մասնագետներից մեկը նշում է, որ այս տարի կարտոֆիլի արտադրությունը անհաջող է եղել եւ բերքի պակաս ունենք, կա՞ նման բան:

 

- Իրականում կարտոֆիլի բերքի հետ կապված որոշ խնդիրներ կան: Դա հիմնականում պայմանավորված է գարնանային ամիսներին տեղական խոնավ, անձրեւային եղանակով եւ ամռան ամիսներին շատ բարձր ջերմաստիճանային ռեժիմով, ինչի արդյունքում ինչպես մի շարք գյուղատնտեսական մշակաբույսեր, այդ թվում նաեւ կարտոֆիլի ցանքերը, որոշակիորեն ենթարկվեցին բնակլիմայական անբարենպաստ պայմանների ազդեցությանը:

 

Հիմա ընթանում են բերքահավաքի աշխատանքները: Խնդիրը կայանում է նրանում, որ շատ հաճախ չհիմնավորված մեկնաբանություններ են անում եւ հայտարարություններ են անում` սպասվող գների վերաբերյալ, որը նույն մարդկանց կամ կազմակերպությունների կողմից ամեն տարի հնչեցվում է: Ինձ համար դրանք բացարձակապես մերժելի են, քանի որ դրանով ապակողմնորոշում ենք մեր ֆերմերներին եւ նաեւ որոշակի խուճապային տրամադրություն ենք գցում մեր սպառողների մոտ:

 

Անցյալ տարի նույն հայտարարություններն էին անում, որ գարնանը կարտոֆիլը կդառնա 350, 400 դրամ եւ շատ կարտոֆիլագործներ, հատկապես Շիրակի եւ Գեղարքունիքի մարզում մեծաքանակ շուկա չէին տանում՝ աշնան ամիսներին սպասելով, որ գարնանը որոշ մարդկանց այդ «կանխատեսումները» պետք է իրականություն դառնան եւ իրենք պետք է շատ լուրջ եկամուտներ ունենան: Սակայն հակառակ պատկերը ստացվեց եւ բոլորի հիշողության մեջ թարմ է, որ այս տարվա գարնանը ե՛ւ Շիրակի, ե՛ւ Գեղարքունիքի մարզում մարդիկ դժգոհում էին, որ ունեն հսկայական քանակի կարտոֆիլ, որը արդեն սկսում է փչանալ եւ իրացման խնդիր կա: Եւ դա այն ֆերմերներն էին, որոնք այդ չհիմնավորված հայտարարություններին հետեւելով՝ սխալ կողմնորոշվեցին եւ խնդիրներ ունեցան: Մեր հանրապետությունում, ես կարծում եմ, մենք կունենանք բավարար քանակությամբ պարենային կարտոֆիլ, որը կբավարարի մեր ներքին սպառման պահանջները: Գների որոշակի շեղումներ, բնականաբար, կարող են լինել:

 

- Խոսվում է մոտ 250-ից 300 դրամի հասնելու մասին:

 

- Որեւէ մեկը ուղղակի դրա իրավունքը չունի` չհիմնավորված որեւէ մեկնաբանություն անի: Նման խնդիր, իհարկե, չկա: Այսօր դեռ շարունակվում են բերքահավաքի աշխատանքները: Կամփոփվեն տվյալները, մենք հնարավորություն կունենանք հստակ գնահատականներ տալ: Իրականում կա, իհարկե, նաեւ կարտոֆիլի ցանքատարածքների որոշակի կրճատում 2017 թվականի համեմատությամբ:

 

Հիմա նաեւ ամպագոռգոռ հայտարարություններ են հնչում լոլիկի ցեցի հետ կապված: Առանց հասկանալու եւ ոչ մասնագիտորեն հիմնավորված հայտարարում են, թե լոլիկի ցեցի դեմ պայքար չի կազմակերպվում` մոռանալով, որ ցեցի դեմ պայքարը կատարում են ոչ թե հոկտեմբերի կեսերին, այլ վաղ գարնանից: Պետք է նաեւ այդ վնասատուի կենսակերպը ճանաչել, թե քանի սերունդ է նա ապահովում եւ երբ ու ինչ եղանակներով պետք է պայքարը կազմակերպել: Ուղղակի շահարկում են, երբեմն իրենց մոռացված տեղը հիշեցնելու համար կամ այլ նկատառումներով: Յուրաքանչյուրը պետք է իր գործով զբաղվի, եւ չի կարելի նեղ մասնագիտական ոլորտներ թափանցել եւ ոչ կոռեկտ մեկնաբանություններ անել այս կամ այն գերատեսչության կամ մասնագետի հասցեին:

 

- Այս պահի դրությամբ հաշվարկներ կա՞ն, թե ինչ մշակաբույսերի պակաս ունենք, որից ելնելով գնի բարձրացում կարող է առաջանալ:

 

- Մենք միշտ ընդգծել ենք, որ այս տարի լոլիկի հետ կապված խնդիր ունեինք: Հիմա արդեն վերջին պտուղներն են հավաքվում մինչեւ հոկտեմբերի վերջը: Լոլիկի պակասը կար, կա նաեւ հիմա, պատճառները մենք նշել ենք: Պտուղների բավականին լուրջ քանակություն կա: Այս տարի բավականին մեծ բերք է ստացվել խնձորենու այգիներից: Այդ հսկայական քանակությունը որեւէ կերպ չի կարող ներքին շուկայում սպառվել, դրա համար հիմա պտղաբույծների համար լուրջ խնդիր է առաջացել արտահանման հետ կապված: Կան ապրանքատեսակներ, որոնք բավականաչափ լուրջ քանակություններով կան շուկայում եւ կա գնանկում նախորդ տարիների համեմատությամբ եւ կան նաեւ որոշ ապրանքատեսակներ, որոնք այսօր ավելի բարձր գնով են` շուկայի համեմատ:

 

Իրականում գների մեջ էական տարբերություն կա: Երբ մենք համադրում ենք մեծածախ եւ մանրածախ շուկայի գները իրականում գների տարբերությունը բավականին զգալի է: Պետք է նշեմ, որ նախորդ տարիների համեմատությամբ մանրածախ շուկայում կա որոշակի գնաճ: Իմ կարծիքով՝ դա հիմնավորված չէ, քանի որ մեծածախ շուկայում գները անհամեմատ մատչելի են:

 

- Այսինքն, արհեստակա՞ն են գները բարձրանում մանրածախ շուկայում:

 

- Ես կարծում եմ՝ այո, որոշ առումով կա նաեւ արհեստական գնաճի միտում մանրածախ ցանցում: Մեր բոլոր հանդիպումների ընթացքում գյուղացիները բողոքում են ապրանքների ցածր գներից, մեր սպառողներն էլ հակառակը` դժգոհում են գյուղատնտեսական մթերքների բարձր գներից: Սա է խնդիրը եւ միջնորդ օղակները շատ ավելի շահեկան իրավիճակի մեջ են գտնվում:

 

Աղբյուրը` armtimes.am

 

 

Տպել