Պատվոգրեր` քառորդդարյա աշխատանքի և հոբելյանական տարեդարձի առթիվ
2018-09-04
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանի հրամանով այսօր ՀԱԱՀ գիտության գծով պրոռեկտոր, ՀՀ ԳՆ գյուղատնտեսության զարգացման ծրագրերի վարչության նախկին պետ Հրաչյա Ծպնեցյանը գյուղատնտեսության ոլորտում ունեցած նշանակալի ավանդի և երկարամյա աշխատանքի և ՀԱԱՀ ընդհանուր երկրագործության ամբիոնի վարիչ Ռուզաննա Մանուկյանը երկարամյա գիտամանկավարժական գործունեության համար հոբելյանական տարեդարձի առթիվ պարգևատրվել են նախարարի պատվոգրերով։
Հրաչյա Ծպնեցյանը, շնորհակալություն հայտնելով գնահատանքի համար, նշել է, որ գյուղատնտեսության նախարարությունն իր համար երկրորդ ընտանիք է եղել, որտեղ աշխատել է շուրջ 20 տարի, իսկ գյուղատնտեսության բնագավառում՝ ավելի քան 25 տարի։
«Շատ դժվար է եղել նախարարությունից հեռանալու որոշումը կայացնելը, ես դեռ ինձ այս կոլեկտիվից անջատ չեմ զգում»,- հավելել է Հրաչյա Ծպնեցյանը։
Ռուզաննա Մանուկյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել նախարարին՝ իրեն արժանացրած բարձր պատվի համար՝ նրան հաջողություններ մաղթելով գյուղատնտեսության պես բարդ ոլորտի ղեկավարման գործում, որը ժողովրդին կերակրելու առաքելությանն է ծառայում։
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին