ՊԳԿ-ի խորհրդատուի հետ քննարկվել են գյուղացիական տնտեսություններին աջակցության տրամադրման տարբեր մեխանիզմներ

2018-08-14

39075695_1889254171113642_7506593640647491584_oՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը օգոստոսի 13-ին ընդունել է Սերբիայի նախկին գյուղատնտեսության նախարարար Գորան Ժիվկովին, ով, որպես ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության միջազգային խորհրդատու, երկօրյա այցով Հայաստանում է։ Քննարկվել են պետության կողմից գյուղացիական տնտեսություններին աջակցության տրամադրման տարբեր մեխանիզմներ։

 

Ողջունելով հյուրին՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարը կարևորել է միջազգային բարձրակարգ խորհրդատուների օժանդակությունը գյուղոլորտում նպատակային և արդյունավետ քաղաքականության մշակման և իրականացման հարցում։ Այնուհետև նախարարը ներկայացրել է ոլորտում այս պահին գործող սուբիսիդավորվող ծրագրերը, դրանց հիմնական ուղղությունները և նախատեսվող առանցքային փոփոխությունները՝ ոլորտի առաջնահերթ խնդիրների լուծման համատեքստում։

 

Արթուր Խաչատրյանը մասնավորապես նշել է, որ այս տարվանից աշնանացանի իրականացման համար քննարկվում է լեռնային և նախալեռնային գոտիներում հեկտարի դիմաց ֆերմերներին դրամային սուբսիդավորում տրամադրելու հնարավորությունը՝ չմշակվող հողատարածքների ծավալը, որը կազմում է ընդհանուրի շուրջ 1/3 մասը, նվազեցնելու նպատակով։

 

Գորան Ժիվկովն իր հերթին շնորհակալություն է հայտնել նախարարին ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ պատրաստ է ներդնել առավելագույն ջանքեր՝ Հայաստանին օգտակար լինելու համար։ Նա ներկայացրել է Սերբիայի և համաշխարհային գյուղատնտեսության լավագույն փորձերը։

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել