Ո՞ր մարզերն են տուժել կարկուտից եւ ի՞նչ քայլ է ձեռնարկում կառավարությունը. պարզաբանում
2018-08-20
Օգոստոսի 16-ից սկսած Շիրակի մարզի գրեթե բոլոր համայնքներում ուժեղ կարկուտ է տեղացել: Տնամերձ ցանքատարածություններում եւ դաշտերում ո՛չ վաճառելու ենթակա բերք է մնացել, ո՛չ տանը օգտագործելու: Բացի Շիրակի մարզից կարկուտ է տեղացել նաեւ Կոտայքի եւ Արմավիրի մարզերում: Ի՞նչ չափի վնաս են կրել գյուղացիները եւ ի՞նչ միջոցներ է ձեռնարկել կառավարությունը՝ վնասի սուբսիդավորման համար: ՀԺ-ի հարցերին պատասխանել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը:
- Պարոն Խաչատրյան, օգոստոսի 16-ից Շիրակի մարզի գրեթե բոլոր համայնքներում ուժեղ կարկուտ է տեղացել: Կարկտահարություն է եղել նաեւ Արմավիրի եւ Կոտայքի մարզերում: Ի՞նչ վնաս է այն հասցրել գյուղացիներին եւ արդյո՞ք փոխհատուցում լինելու է:
- Շիրակի հարավային շրջաններում է կարկուտը եղել, առավոտյան խոսել եմ մարզպետի հետ. մարզային հանձնաժողովը, այսպես ասած, աղետի գոտում է, փորձում են գնահատել վնասի չափը: Երկրորդ տուժած գոտին Կոտայքի շրջանն է, այստեղ տուժել են ոչ միայն ցանքատարածությունները, այգիները, այլ նաեւ «Գրին ֆարմեր» ընկերության ջերմոցները: Երրորդ կետը Արմավիրի մարզն է` Դարալիկ, Շենիկ, Քարակերտ, նախկին Բաղրամյանի շրջանը: Այստեղ հեղեղատարների կարողությունը չի բավարարել եւ ջուրը լցվել է տներ, այգիներ եւ դաշտեր:
Ինչ վերաբերում է դրամական աջակցության ցուցաբերմանը, մեխանիզմը պարզ է. հաշվարկվում է՝ ամբողջ երկրում ինչքան են կազմել բնական աղետներից կրած վնասները, համեմատվում է պետության ֆինանսական միջոցների հետ եւ որոշակի համամասնությամբ աջակցություն է տրամադրվում: Նախկինում դա տրամադրվել է հողի հարկի փոխհատուցմամբ, կամ ջրի վարձի փոխզիջման տեսքով, այս տարի մենք քննարկում ենք ուղղակի կանխիկով որոշակի դրամական աջակցություն ցույց տալու հարցը: Շատ տուժածին` շատ, քիչ տուժածին` քիչ, բայց իհարկե մինչեւ որոշակի վերին սահմանը: Պետք է սպասենք, այս արհավիրքների շրջանն ավարտվի, այսօր խոսել եմ ԱԻ նախարարի հետ, վաղվանից ջերմային ֆոնը կբարձրանա՝ 36-37 աստիճան օդի ջերմաստիճան:
- Հակակարկտային կայանները արդյունավետ չե՞ն, որ գյուղացին շարունակում է այսպիսի վնասներ կրել:
- Մեր երկիրը հիմնականում հույսը դրել է գազագեներատորային կայանների վրա, որ «Զենիթ» են ասում: Դրանց արդյունավետությունը խիստ սահմանափակ է, նամանավանդ ուժեղ երրորդ, չորրորդ կարգի կարկուտի դեպքում եւ ԱԻՆ-ը պիլոտային ծրագիր է իրականացնում հակակարկտային համազարկային համակարգեր տեղադրելու ուղղությամբ եւ մեր գործընկերների վստահեցումով, եթե այդ համակարգերը չլինեին, ապա վնասները շատ ավելի մեծ կլինեին: Անցյալ շաբաթ Արմավիրում խորհրդակցություն տեղի ունեցավ, նաեւ այդ հարցը բարձրացվեց, որ երկրի տարածքը կարողանան փակել: Ուղղակի խնդիրը նրանում է, որ մեզ մոտ կարկտաբեր ամպերը արեւմուտքից են գալիս` Թուրքիայից, հասնում են Հայաստան արդեն ուժեղ ամպեր են գալիս: ԱԻՆ-ը կրակում է, ինչի արդյունքում ավելի թույլ կարկուտ է գալիս:
Աղբյուրը` Armtimes.com