Հաջորդ տարվանից Շիրակում մշակված կարտոֆիլն ու հացահատիկը կապահովագրվեն կարկուտի և ցրտահարության ռիսկերից

2018-08-16

1ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն օգոստոսի 15-ին աշխատանքային այց է կատարել  Շիրակի մարզ։ Նախարարին ուղեկցում էին Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը և Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանը։

 

Նախարարի առաջին կանգառը Ազատան համայնքի՝ օգոստոսի 8-ին  կարկուտից տուժած ցանտարածություններն էին, որտեղ գյուղացիները  մեծ վնասներ էին կրել: Արթուր Խաչատրյանը հանդիպել է  գյուղացիների հետ, լսել նրանց մտահոգությունները։

 

Համայնքի ղեկավար Վարդան Իկիլիկյանի խոսքով՝ Ազատանում շուրջ 800 հա տարածք է վնասվել, հիմնականում կարտոֆիլի, բանջարանոցային մշակաբույսերի ցանքատարածություններ։ Կարկուտից փրկվել է հացահատիկը, որի բերքահավաքը շուրջ 99 տոկոսով ավարտվել էր։ 

 

«Նման կարկուտ չէինք տեսել, կարկուտ չէր, սառցաբեկորներ էին»,- պատմում է Վարդան Իկիլիկյանը՝ հավելելով, որ հաջորդ օրը մարզպետարանի ներկայացուցիչներն  այցելել են Ազատան և համայնքային հանձնաժողովի հետ վնասի փաստագրման աշխատանքներ իրականացրել, այժմ  ազատանցիները սպասում են կառավարության արձագանքին։

 

Նախարարը հավաստիացրել է, որ պետությունը գյուղացուն իր հոգսի հետ միայնակ չի թողնի, այժմ վնասների գնահատման փուլն է։ Արթուր Խաչատրյանը միաժամանակ տեղեկացրել է, որ հաջորդ տարվանից մեկնարկող գյուղապահովագրության փորձնական ծրագրում ընդգրկվել է նաև Շիրակի մարզը, ցրտահարության և կարկտահարության ռիսկերից կապահովագրվեն շիրակցիների աճեցրած կարտոֆիլն ու հացահատիկը և կորցրած բերքի դիմաց գյուղացին արդեն ոչ թե օգնություն, այլ փոխհատուցում կստանա։

 

Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանն իր հերթին հավաստել է, որ համայնքապետի ահազանգից մեկ օր անց մարզպետարանի ներկայացուցիչները եղել են Ազատանում, օպերատիվ կերպով կատարվել են վնասի գնահատման աշխատանքներ, և տվյալները ներկայացվել են  գյուղատնտեսության նախարարություն։

 

Մարզպետը նաև հավելել է, որ չնայած կարկտահարության դեպքերին՝ տարին աննախադեպ էր բերքատվության առումով, գյուղացիները գոհ են, հացահատիկի միջին բերքատվությունը կազմել է 45 ց/հա։ Մարզպետ Սարուխանյանը, ով մինչ այդ պաշտոնում նշանակվելը զբաղվել է գյուղատնտեսությամբ, 3-5 մլն դրամ սուբսիդավորվող գյուղվարկերի շահառուներից է եղել. հավաստում է՝ ծրագիրը հաջողված է, հավաստագրի տրամադրման դասընթացները նույնպես անչափ օգտակար են եղել։

 

Այնուհետև Արթուր Խաչատրյանն ուղևորվել է «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ, շրջայց կատարել, ծանոթացել աշխատանքների ընթացքին, աշխատանքային քննարկում ունեցել պատասխանատուների հետ։ Այստեղ նույնպես ավարտվել է հացահատիկի բերքահավաքը, այժմ աշնանացան ցորենի և գարնանացան գարու զտման աշխատանքներն են բուռն թափով ընթանում՝ տեղեկացնում է տնօրենի ժ.պ. Ջիվան Ասլանյանը։

 

«Մեզ մոտ, ցավոք, մեծ խզում է առաջացել գիտության և արտադրության միջև։ Սակայն իրականում գիտությունը, կրթությունը և ժողովրդական տնտեսությունը պետք է իրար հետ սերտ կապի մեջ լինեն, և Գյումրու սելեկցիոն կայանը դրանք իրար կապող հիմնական օղակներից պետք է լինի»,- խորհրդակցության ընթացքում մասնավորապես նշել է գյուղատնտեսության նախարարը՝ կարևորելով նաև մարզի գյուղատնտեսական քոլեջների ուսանողների համար արտադրական պրակտիկաների կազմակերպումը։ Իր խոսքում նախարարը շեշտադրել է նաև տեղական սերմնաբուծության խթանման անհրաժեշտությունը, ինչը կառավարության առաջնահերթություններից է։

 

Այցի շրջանակում նախարարը եղել է նաև Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի Շիրակի մարզային կառույցում, հանդիպել խորհրդատուների հետ, քննարկել նրանց աշխատանքային գործունեությանը վերաբերող հարցեր։ Արթուր Խաչատրյանն առանձնակի կարևորել է մարզային կառույցների դերը՝ նախարարության ուղենշային քաղաքականությունների իրականացման տեսանկյունից։

 

«Դուք մեր լեզուն եք մարզերում և մեր քաղաքականությունը պետք է հասցնեք բնակչությանը, բայց մեր լեզուն լինելուց  բացի նաև մեր ականջներն ենք, որպեսզի հետադարձ կապ ապահովեք և շահառուների մտահոգությունները տեղ հասցնեք կենտրոնական ապարատ, և մենք հասկանանք, թե իրականացվող ծրագրերում ինչը կարող ենք վերանայել։ Եթե գյուղացին որևէ խնդիր է ունենում, նա պետք է ձեզ զանգահարի այնպես, ինչպես մարդն առողջական խնդիրների դեպքում շտապօգնության ծառայությանն է դիմում»,- ընդգծել է նախարարը։

 

Նախարարի հաջորդ կանգառը Արփի համայնքում էր, որտեղ Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրի շրջանակում կառուցվել են խմոցներ, փարախ և հովվի տնակ:

 

 

Համայնքի ղեկավար Մերգել Ղարիբյանի խոսքով՝ ծրագրի իրականացման արդյունքում արոտավայրերն արդեն ջրարբիացված են,  ինչի շնորհիվ բարձրացել է գյուղատնտեսական կենդանիների կաթնատվությունը:

 

Շրջայցը եզրափակվեց Ծաղկուտ գյուղի ոչխարաբուծական ֆերմերային տնտեսությունում։

 

«Այցը բավականաչափ հագեցած էր, եղանք Գյումրիի սելեկցիոն կայանում, այնուհետև հիմնադրամի կառույցում, նպատակն էր աշխատակիցներին ծանոթացնել այն ակնկալիքների և պահանջների հետ, որ մենք ունենք այդ երկու կառույցներից։ Մասնավորապես այդ երկու կենտրոնների առաքելությունն է իրար կապել գյուղատնտեսական գիտությունը և պրակտիկ գյուղատնտեսությունը»,- ամփոփելով այցի արդյունքները՝ նշել է նախարար Խաչատրյանը։

 

Անդրադառնալով Ազատան համայնքում տեղի ունեցած կարկտահարության դեպքին՝ նախարարը ևս մեկ անգամ հավաստել է, որ պետությունը նեղության պահին գյուղացիներին միայնակ չի թողնի։

 

«Հիմա մենք ընդհանուր վնասների գնահատման փուլում ենք գտնվում և ելնելով վնասների քանակից և պետության ֆինանսական հնարավորություններից՝ աջակցություն կցուցաբերենք գյուղացիներին։ Գյուղացիների մի մասը բողոքում էր, որ ուշ ենք արձագանքել, բայց մարզային հանձնաժողովն անմիջապես արձագանքել է, հաջորդ օրը եկել են և վնասները գնահատել են, իսկ նախարարը չէր եկել վնաս գնահատելու, այլ կառավարության ուղերձը տեղ հասցնելու համար»,- պարզաբանել է Արթուր Խաչատրյանը։

 

ՀՀ գյուղատնտեսության նախարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

 

 

 

 

Տպել