Գյուղնախարարությունը մանրածախ ցանցում ուղղակիորեն գների վրա ազդելու մեխանիզմներ չունի. պետք է գյուղատնտեսության արդյունավետությունը բարձրացնենք. Ա. Խաչատրյան
2018-08-30
Գյուղնախարարությունը մտադիր է Հայաստանում տոհմային կազմի փոփոխության վերաբերյալ ծրագիր իրականացնել. դա ներառված է բյուջետային հայտում. Ա. Խաչատրյան
Եթե ուզում ենք գյուղմթերքի գներն իջեցնել, պետք է նախարարության աջակցությամբ գյուղատնտեսության արդյունավետությունը բարձրացնենք. արդյունավետությունը որ բարձրանա, բերքը կշատանա, և ինքնարժեքն էլ կիջնի:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ գյուղատնտեսության նախարարությունը մանրածախ ցանցում ուղղակիորեն և կարճաժամկետ հատվածում գների վրա ազդելու մեխանիզմներ չունի, բայց երկարաժամկետ կտրվածքով քաղաքականությունը պետք է միտված լինի գյուղատնտեսության արդյունավետության բարձրացմանը:
«Եթե նույնիսկ արդյունավետության բարձրացումը չբերի գների էական անկման, գոնե կբերի գյուղատնտեսությամբ զբաղվելու եկամտաբերության բարձրացմանը, ինչը վերջիվերջո գյուղնախարարության հիմնական գործառույթն է:Այդ դեպքում գյուղատնտեսությունը փոքրից կարող է դառնալ միջին՝ սոցիալականից դառնալով արդեն արդյունաբերական, կոմերցիոն գյուղատնտեսություն»,- ասաց նախարարը:
Արթուր Խաչատրյանը նաև նշում է, որ ՀՀ-ում բերքատվության, կաթնատվության հետ կապված խնդիրներ կան. «Եթե հիշում եք, կաթի շուկայում որոշակի խնդիրներ ունեցանք հունիսին, ինչը հիմնականում պայմանավորված է կաթնատվության ցածր մակարդակի հետ: Այս խնդիրները պետք է փորձի լուծել նախարարությունը: Օրինակ՝ մենք մտածում ենք ծրագիր իրականացնել Հայաստանում տոհմային կազմի փոփոխության վերաբերյալ: Դա ներառված է մեր բյուջետային հայտում և կներկայացվի ԱԺ»,- հայտնեց նա:
Հիշեցնենք, որ նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ քաղաքացիների ահազանգերի հետքերով շրջայց էր կատարել գյուղմթերքի շուկաներում, մասնավորապես՝ ԳՈւՄ-ի և Շենգավիթ վարչական շրջանում: Վարչապետը հայտարարել էր, որ Կառավարությունում գյուղմթերքի գների վրա ազդելու մտադրություն չունեն, բայց երկարաժամկետ կտրվածքով քաղաքականությունն այնպես պետք է մշակվի, որպեսզի նվազեցվի մրգերի և բանջարեղենի գինը:
Գյուղատնտեսության նախարարի խոսքով՝ մանրածախ ցանցում գյուղմթերքի որոշ տեսակների գների աճի միտում է նկատվում ՝ թե՛ շուկաներում, թե՛ սուպերմարկետներում, սակայն ուղենիշային համարվող Հովտաշատի (Մեյմանդարի) մեծածախ շուկայում գների աճը շատ բարձր չէ:
Ա. Խաչատրյանը գյուղմթերքի որոշակի գնաճը մեծամասամբ պայմանավորում է եղանակային պայմաններով՝ հունիս, հուլիս ամիսներին գրանցված բարձր ջերմային ֆոնով:
«Մանրածախ ցանցերում ուղենիշային գին է ձևավորվել: Եթե ինչ-որ մարդ գալիս է շուկա՝ իր արտադրանքը վաճառելու, և տեսնում է, որ որևէ սուպերմարկետում լոլիկի գինը 250 դրամ է, ապա եթե նույնիսկ իր վրա դա նստում է 120 դրամ, նա 250 դրամ է վաճառելու, որովհետև շուկայում ուղենիշային գին է ձևավորվել: Նույն Հովտաշատի գները եթե նայենք, լոլիկի գները 120-170 դրամի շրջակայքում են գտնվում, իսկ ջերմոցայինը 300-350 դրամի կարգի է»,- հայտնեց նախարարը:
Աղբյուրը` Tert.am