Գյուղնախարարն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ պատվիրակությանը. կմեկնարկի նոր ծրագիր փոքր տնտեսությունների համար

2018-08-03

2ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր ընդունել է ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերի  գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ գյուղատնտեսության  նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը։

 

Ողջունելով հյուրերին՝  նախարար Խաչատրյանը բարձր է գնահատել ԱՄՆ կառավարության կողմից Հայաստանի գյուղատնտեսության զարգացմանը տրամադրվող օժանդակությունը՝ հույս հայտնելով, որ կողմերի միջև  համագործակցությունը կշարունակի ընդլայնվել։ Այնուհետև նախարար Խաչատրյանը ներկայացրել է գյուղատնտեսության քաղաքականության նոր առաջնահերթությունները։ Նախարարը մասնավորապես շեշտել է, որ ուշադրության առանցքում լինելու է փոքր տնտեսությունների զարգացումը՝ հողերի խոշորացման, միավորումների ստեղծման, ենթակառուցվածքների բարելավման, ֆինանսների հասանելիության, գյուղտեխնիկայի թարմացման և  առհասարակ գյուղատնտեսական արժեշղթայի ամբողջական զարգացման միջոցով։

 

Գյուղնախարարը կարևորել է նաև բարձրարժեք, օրգանական գյուղատնտեսության զարգացումը, ինտենսիվ այգիների հիմնմանը, կաթիլային ոռոգման համակարգերի, կարկտապաշտպան ցանցերի ներդրմանը, ինչպես նաև խորհրդատվական ծառայությունների և ուսուցման միջոցով գիտական նոր նվաճումների և տեխնոլոգիաների ներդրման խթանումը գյուղատնտեսության մեջ։

 

Դեբորա Գրիզերն իր հերթին գոհունակություն է հայտնել ԱՄՆ ՄԶԳ-ի և ՀՀ գյուղատնտեսության նախարարության միջև երկարամյա պատմություն ունեցող համագործակցությամբ։ Անդրադառնալով  հետագա գործակցության հեռանկարներին՝  նա նշել է, որ թեև այս տարեվերջին ավարտին են մոտենում «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների զարգացման» և «Գյուղի զարգացման արդի նախաձեռնություն» ծրագրերը, սակայն նախատեսում են նոր՝ «Գյուղատնտեսության զարգացում-նոր տնտեսական հնարավորություն» հնգամյա դրամաշնորհային ծրագիր մեկնարկել, որի թիրախում կլինեն գյուղական փոքր ագրոբիզնեսները։ Աջակցությունը հիմնականում կուղղվի այգեգործության զարգացմանը, մասնավորապես նոր մշակաբույսերի, ջերմատների, ինտենսիվ այգիների, խաղողագործության, գյուղատնտեսական առաջնային արտադրության խթանմանը, հնարավոր է նաև գինու փոքրածավալ արտադրության և ագրոտուրիզմի զարգացման ֆինանսավորում։ Անդրադարձ է կատարվել նաև ծրագրի շրջանակում Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի հետ համագործակցության հարցին։

 

Կողմերը մտքեր են փոխանակել նաև ոռոգման ջրի խնայողատար համակարգերի կիրառմանն ուղղված ծրագրերի իրականացման անհրաժեշտության, արտահանման շուկաների դիվերսիֆիկացման, գյուղատնտեսական ապահովագրության ներդրման և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ։

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին  

Տպել