«ԳՁՕ-ների կենսաանվտանգության մասին» օրենքի նախագիծը շուտով կներկայացվի հանրային քննարկման. Տեղի է ունեցել աշխատանքային խմբի հերթական նիստը
2018-08-17
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր տեղի է ունեցել ՀՀ-ում ԳՁՕ-ների գործածության կենսաանվտանգության ապահովման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի հերթական նիստը, որին մասնակցել են ՀՀ գյուղատնտեսության, բնապահպանության, առողջապահության նախարարությունների, ոլորտի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, գիտնականներ:
Ողջունելով աշխատանքային խմբի անդամներին՝ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը վերահաստատել է, որ ԳՁՕ-ների գործածության կարգավորումը խիստ կարևոր և առաջնահերթ խնդիր է նախարարության համար և գտնվում է ամենօրյա ուշադրության կենտրոնում։
«Մեր երկիրը սակավահող է, հետևաբար մեր գյուղատնտեսության ապագան օրգանական, բարձրարժեք գյուղատնտեսությունն է»,- շեշտել է նախարարը։
Գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը նշել է, որ աշխատանքային խումբը մեծածավալ աշխատանք է իրականացրել սկսած անցյալ տարվա նոյեմբեր ամսից, մասնավորապես մշակվել է «ԳՁՕ-ների կենսաանվտանգության մասին» օրենքի և դրանից բխող հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթ։
Փոխնախարարը հորդորել է հնարավորինս սեղմ ժամկետում՝ 5 օրվա ընթացքում գրավոր ներկայացնել առաջարկություններ և դիտողություններ նախագիծը լրամշակելու և վերջնական տեսքի բերելու համար, որից հետո այն կներկայացվի հանրային քննարկման։
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին