Արմեն Հարությունյանը պարգևատրվել է «Գյուղատնտեսական նվաճումների համար» ոսկե մեդալով

2018-08-10

Armen (2)ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Արմեն Հարությունյանը ՀՀ գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի, բարեխիղճ և բեղմնավոր աշխատանքի համար նախարար Արթուր Խաչատրյանի հրամանով պարգևատրվել է  Գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական նվաճումների համար» ոսկե մեդալով։

 

Նախարարությունում այսօր տեղի ունեցած հանդիպման ընթացքում նախարար Խաչատրյանը շնորհավորել և շնորհակալություն է հայտնել Արմեն Հարությունյանին կատարված աշխատանքի, մասնավորապես գյուղոլորտում միջազգային համագործակցության ծրագրերի իրականացման գործում ներդրված ջանքերի համար՝ կանաչ ճանապարհ մաղթելով կանաչ գյուղատնտեսության ջատագովին և հույս հայտնելով, որ նոր աշխատանքում նախարարության հետ համագործակցությունը կլինի շարունակական։

 

«Ուզում եմ վստահ լինեք, որ Ձեր առաջնորդությամբ շատ հաճույքով աշխատել եմ և միշտ պատրաստ եմ լինել նախարարության կողքին, եթե ինչ-որ կերպ իմ կարիքը լինի»,- նշել է Արմեն Հարությունյանը՝ շնորհակալություն հայտնելով  նաև նախարարության աշխատակիցներին  շուրջ 5.5 տարիների  աշխատանքի ընթացքում պարգևած հրաշալի օրերի համար։

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել