Արմեն Հարությունյանը պարգևատրվել է «Գյուղատնտեսական նվաճումների համար» ոսկե մեդալով
2018-08-10
ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Արմեն Հարությունյանը ՀՀ գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի, բարեխիղճ և բեղմնավոր աշխատանքի համար նախարար Արթուր Խաչատրյանի հրամանով պարգևատրվել է Գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական նվաճումների համար» ոսկե մեդալով։
Նախարարությունում այսօր տեղի ունեցած հանդիպման ընթացքում նախարար Խաչատրյանը շնորհավորել և շնորհակալություն է հայտնել Արմեն Հարությունյանին կատարված աշխատանքի, մասնավորապես գյուղոլորտում միջազգային համագործակցության ծրագրերի իրականացման գործում ներդրված ջանքերի համար՝ կանաչ ճանապարհ մաղթելով կանաչ գյուղատնտեսության ջատագովին և հույս հայտնելով, որ նոր աշխատանքում նախարարության հետ համագործակցությունը կլինի շարունակական։
«Ուզում եմ վստահ լինեք, որ Ձեր առաջնորդությամբ շատ հաճույքով աշխատել եմ և միշտ պատրաստ եմ լինել նախարարության կողքին, եթե ինչ-որ կերպ իմ կարիքը լինի»,- նշել է Արմեն Հարությունյանը՝ շնորհակալություն հայտնելով նաև նախարարության աշխատակիցներին շուրջ 5.5 տարիների աշխատանքի ընթացքում պարգևած հրաշալի օրերի համար։
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին