Ոսկե մեդալ` կեսդարյա աշխատանքի համար
2018-07-26
ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ-ի տնօրեն Ռուբիկ Կարախանյանը ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանի հրամանով ՀՀ գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի, երկարամյա և բեղմնավոր աշխատանքի համար պարգևատրվել է Գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական նվաճումների համար» ոսկե մեդալով։
Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել Ռուբիկ Կարախանյանին՝ երկարամյա անխոնջ և նվիրված աշխատանքի համար՝ հավելելով, որ թեպետ պարոն Կարախանյանը օրենքով նախատեսված տարիքը լրանալու հիմքով շուտով այլևս չի զբաղեցնի սելեկցիոն կայանի տնօրենի պաշտոնը, սակայն վստահաբար կշարունակի իր փորձն ու գիտելիքները ծառայեցնել Հայաստանի գյուղատնտեսության զարգացմանը։
Ռուբիկ Կարախանյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել նախարարին և Նախարարության ողջ աշխատակազմին ջերմ վերաբերմունքի համար՝ ընդգծելով, որ շուրջ 50 տարի աշխատել է գյուղատնտեսության ոլորտում։
Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը նշել է, որ Գյումրիի սելեկցիոն կայանը նախարարության այցեքարտն է դարձել, և դրանում իր անձնական մեծ ներդրումն ունի Ռուբիկ Կարախանյանը։