Մեկնարկում է ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի ծրագիրը

2018-07-26

270ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Հարությունյանը, Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիայի գործադիր տնօրենի տեղակալ Հրաչ Դարբինյանը, «ԱԳԲԱ Լիզինգ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանը և «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ-ի գործադիր տնօրեն Կարեն Պետրոսյանն այսօր հուշագրեր են ստորագրել ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով համագործակցության վերաբերյալ:

 

«Ծրագիրը բաց է թե՛ ֆինանսական կառույցների, թե՛ մատակարարների համար: Շահառուներն իրենք են ընտրելու, թե որ երկրի արտադրության սարքավորում են ցանկանում գնել: Այս քայլով մենք խրախուսելու ենք նաև նոր տեխնոլոգիաների ներդրումը»,-նշել է նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը: 

 

Ագրոպարենային ոլորտի սարքավորումները շահառուներին կտրամադրվեն տարեկան 11% տոկոսադրույքով, որից 7%-ը պետությունը կսուբսիդավորի, արդյունքում լիզինգառուն կվճարի 4 %, մինչև 8 տարի մարման ժամկետով:

 

«Շահառուի կողմից կվճարվի 20 տոկոս կանխավճար: Նաև ֆինանսական կազմակերպությունների հաշվին կիրականացվի լիզինգի առարկայի ապահովագրություն»,-նշել է Հրաչ Դարբինյանը:

 

«ԱԳԲԱ Լիզինգ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանի խոսքով՝ ծրագրին կարող են դիմել ինչպես իրավաբանական անձինք, այնպես էլ անհատ ձեռնարկատերեր: 
«Ոլորտը բավականին ընդգրկուն է, առկա է սարքավորումների մեծ տեսականի»,-հավելել է Բազիկյանը:

 

«Ծրագրում ընդգրկված կլինեն բոլոր սարքավորումները՝ սկսած ջերմոցներից, չորանոցներից, նաև սառնարաններ, վերամշակող ընկերությունների համար սարքավորումներ, անասնաբուծական սարքավորումներ, այսինքն՝ ողջ շղթան փակելու ենք: Ծրագրի իրականացման արդյունքում հնարավոր կլինի այս տարի շուրջ 4,3-ից 4,5 մլրդ դրամի կապիտալ ներդրում իրականացնել ագրոպարենային համակարգում»,-տեղեկացրել է Ռոբերտ Մակարյանը:

 

Ծրագրով հետաքրքրված անձինք վաղվանից կարող են դիմել ֆինանսական կառույցներին: Արդեն կան անհատներ և կազմակերպություններ, որոնք ցանկություն են հայտնել սարքավորում ձեռք բերել ծրագրի շրջանակում:

 

«Գործընթացն իրականում արվում էր շահառուների կողմից, բայց նրանք օգտվում էին բանկային վարկերից, որոնց տոկոսադրույքներն անհամեմատ բարձր էին: Այս պահին արդեն պետությունը միջամտում և օգնում է շահառուներին»,-ասել է Վահե Հարությունյանը:

 

Ծրագրի իրականացման արդյունքում որոշակիորեն կբարձրանա ագրոպարենային ոլորտի տնտեսությունների նորագույն սարքավորումներով հագեցվածության մակարդակը, պայմաններ կստեղծվեն շահառուների կողմից ապրանքային արտադրության կազմակերպման և հետագա զարգացման համար, նաև կավելանա ագրոպարենային ոլորտի մրցունակության մակարդակը և կաճեն գյուղատնտեսական մթերքների և դրանց վերամշակումից ստացված արտադրանքների արտադրության ու արտահանման ծավալները: Հնարավորություն կստեղծվի ագրոպարենային ոլորտի որոշ արտադրատեսակների ներկրումը փոխարինելու տեղական արտադրությամբ:
Կնքված հուշագիրն առաջին քայլն է. ծրագիրը բաց է բոլոր կազմակերպություների համար:

 

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության

տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել