ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավարին
2018-07-17
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման սկզբում նախարար Արթուր Խաչատրյանը համառոտ ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի առաջնահերթությունները, ՀՀ կառավարության կողմից իրականացվող ագրարային քաղաքականության թիրախային ուղղություններն ու ընթացիկ ծրագրերը, առկա հիմնախնդիրներն ու մարտահրավերները:
Առաջնային խնդիրների թվում նախարարը մասնավորապես մատնանշել է պետության աջակցության ավելացումը գյուղատնտեսությանը պետական աջակցության ծրագրերում փոքր գյուղացիական տնտեսությունների ներգրավումը, ինչպես նաև գյուղատնտեսական սուբսիդավորման նոր մեխանիզմների մշակումը։ Որպես ոլորտի զարգացման մեկ այլ կարևոր բաղադրիչ` նախարար Արթուր Խաչատրյանը մատնանշել է բարձրարժեք գյուղմթերքի արտադրության կազմակերպումն ու գյուղմթերքի արտադրության ոլորտում ամբողջական արժեշղթայի ձևավորումը, գյուղատնտեսական նշանակության հողերի ծավալների ավելացումն ու միավորումը, ինչը թույլ կտա բարձրացնել հողերի տնտեսական արժեքը:
Անասնապահության ոլորտի առաջնահերթ խնդիրների թվում նախարար Արթուր Խաչատրյանը հատկապես կարևորել է գյուղատնտեսական կենդանիների նույնականացման ծրագրի իրականացման անհրաժեշտությունը, ինչը կնպաստի գյուղատնտեսական կենդանիների առողջության պահպանմանն ու հիվանդությունների կանխարգելման առավել արդյունավետ կազմակերպմանը:
Կողմերը քննարկել են նաև գյուղատնտեսական ապահովագրությանը վերաբերող մի շարք հարցեր: Այս առումով Արթուր Խաչատրյանը տեղեկացրել է, որ հաջորդ տարվա սկզբին նախատեսվում է մեկնարկել գյուղապահովագրության պիլոտային ծրագիր Արմավիրի, Արարատի և Շիրակի մարզերում:
Ոլորտի առաջնահերթությունների թվում նախարարը նշել է նաև օրգանական գյուղատնտեսության զարգացումը, ինտենսիվ այգիների հիմնումը, ոռոգման և կարկտապաշտպան ժամանակակից համակարգերի ներդրումը, ինչպես նաև խորհրդատվական ծառայությունների բարելավումը:
ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին իր հերթին պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ ֆինանսական և տեխնիկական օժանդակության ձևաչափերով:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին