Կաթիլային ոռոգման համակարգի ներդրման դեպքում ջրի կորուստները կնվազեն. փոխնախարար

2018-07-20

GPԱշխարհի բազմաթիվ երկրներում վաղուց անցել են ոռոգման կաթիլային համակարգին: Հայաստանում ևս այն կիրառություն ունի, բայց ոչ մեծ ծավալներով:

 

Գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանի խոսքով՝ այն բավականին արդյունավետ միջոց է, որի ընթացքում ջրի կորուստները նվազում են մոտ 50 տոկոսով: Բացի ջրի խնայողությունից, համակարգը թույլ է տալիս արդյունավետ կերպով բույսերի պարարտացում կատարել: Չնայած առավելություններին՝ այն դեռ շատերի համար անհասանելի է:

 

«Կան ջերմոցային տնտեսություններ, որոնք գրեթե ամբողջությամբ անցել են կաթիլային ոռոգման համակարգին», – Հայաստան 24-ի հետ զրույցում ասաց նա:

 

Գյուղնախարարությունը քայլեր է ձեռնարկում, որպեսզի կաթիլային համակարգը մեզ մոտ էլ լայն կիրառություն ստանա: Գառնիկ Պետրոսյանը կարևորեց, որ համակարգի կիրառումն արդյունավետ է հատկապես խաղողի այգիների և նոր հիմնվող ինտենսիվ պտղատու այգիների դեպքում: Նորարարությունը նաև թանկ է, զգալի ծախսեր է պահանջում:

 

Ֆերմերները բողոքում են, որ այն իրենց համար անհասանելի է, քանի որ անհրաժեշտ խողովակներն ու մնացած իրերի գները աստղաբաշխական են: Գյուղնախարարությունում կիսում են հողագործների մտահոգությունը և որոշել են նոր տարբերակով հողը ոռոգող ցանկացողին ֆինանսապես աջակցել:

 

«Իրականացվում է ծրագիր, որով սուբսիդավորվում են վարկերը: Մոտ 10 տոկոսով սուբսիդավորում է վարկը, իսկ գյուղացին կաթիլային ոռոգման անցկացնելու համար 2 տոկոսով է վարկը ստանում: Սա մեծ հնարավորություն է տալիս, և վարկերը մատչելի են», – նշեց նա:

 

Գյուղնախարարության կողմից  արդեն  բավարարվել են 54 հեկտար տարածքում ոռոգման կաթիլային համակարգ անցկացնելու հայտեր:

 

«Ավանդական եղանակով մշակվող այգիների դեպքում  հնարավոր չէ այս տարբերակով ոռոգել, արդյունավետ է նոր, ինտենսիվ՝ ցածրաճ այգիների համար՝ թզուկ ծառերի դեպքում», – ասաց փոխնախարարը:

 

Կաթիլային համակարգը կիրառելի չէ հացահատիկային մշակաբույսերի դեպքում, իսկ մեր հանրապետության արտերի մեծ մասն անջրդի տարածքներ են: Այս դեպքում օգնության է հասնում այլընտրանքային մեկ այլ եղանակ՝ անձրևացման համակարգը, որի մասին խոսվում է նոր կառավարության ծրագրում:

 

«Նմանատիպ վարկեր՝ 2 տոկոսանոց նաև այս դեպքում կկիրառվի», – հայտնեց մեր զրուցակիցը:

 

Փոխնախարարի թվարկած արդյունավետությունը համակարգը կիրառած և հիասթափված գյուղացիները միֆ են համարում: Հողագործներից մեկը դժգոհեց, որ Արարատյան դաշտի ընդերքի ջուրը կոշտ է, իսկ նման ջրով աշխատող կաթիլային համակարգի կյանքը՝ անցքերը աղակալելու պատճառով շատ կարճ է:

 

«Դա միամիտ մարդկանց կարծիք է: Արարատյան դաշտում հազարավոր հեկտարներ ոռոգվում են ստորգետնյա ջրերով՝ խորքային հորերի միջոցով: Այդ ջուրն իր որակական հատկանիշներով չի կարելի համեմատել գետերի ջրերի հետ: Այն որոշակի աղերի պարունակություն ունի, բայց առանձնապես վտանգավոր չեն մշակաբույսերի համար: Կան խորքային հորեր, որոնք ջրի հետ նաև ավազի հատիկներ են բերում, դրա համար կան ֆիլտրեր, որոնք ֆիլտրում են կատարում և մաքուր ջուրն ուղղում ոռոգման ցանց», – պարզաբանեց Պետրոսյանը:

 

Կաթիլային համակարգի ներդրման դեպքում, ըստ փոխնախարարի, ջրի պաշարների զգալի խնայողություն կլինի: Այս եղանակի դեպքում բերքատվության ցուցանիշն է նաև բարձրանում՝ բույսը սթրեսի չի ենթարկվում և բնականոն աճ է ունենում: Գառնիկ Պետրոսյանի համոզմամբ՝ որոշ ժամանակ անց ոռոգման այս տարբերակի օգտագործման ծավալները կաճեն:

 

«Ժամանակի ընթացքում այն բավականին մեծ տարածում կունենա: Որտեղ հնարավոր է՝ կարելի է կիրառել այս եղանակը: Մի քիչ ավելի խելացի ֆերմերը նախապատվությունը կտա կաթիլային ոռոգման համակարգին, իսկ մենք կխրախուսենք այս մեթոդի ներդրման համար», – հույս հայտնեց փոխնախարարը:

 

 

 

Աղբյուրը` Հայաստան 24

 

 

Տպել