Քննարկվել են Եվրասիական զարգացման բանկի հետ համագործակցության հարցերը
2018-06-11
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր հյուրընկալել է Եվրասիական զարգացման բանկի ներկայացուցչության տնօրեն Արմեն Մելկիկյանին։
Հանդիպման սկզբին նախարարն իր գոհունակությունն է հայտնել գյուղատնտեսության ոլորտում ԵԶԲ-ի հետաքրքրության կապակցությամբ։ Արմեն Մելկիկյանն իր հերթին շնորհավորել է Արթուր Խաչատրյանին նշանակման առթիվ, մաղթել նրան արդյունավետ աշխատանք:
Հանդիպմանը քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում երկկողմ գործակցության զարգացման հեռանկարները, նոր ուղղությունների շրջանակը։
Նախարար Խաչատրյանը կարևորել է ԵԶԲ-ի հետ սերտ և արդյունավետ համագործակցության հարթակի ստեղծումը՝ ոլորտի առաջնահերթությունների և զարգացման ծրագրերի իրականացման նպատակով։
Արմեն Մելկիկյանն ընդգծել է, որ բանկը մեծապես հետաքրքրված է գյուղատնտեսության ոլորտում ծրագրերի ֆինանսավորման հարցում՝ մասնավորապես պետություն-մասնավոր հատված համագործակցության (PPP) ձևաչափով՝ ընդգծելով, որ արդեն նման ծրագիր է իրականացվում ջերմոցաշինության բնագավառում։
Նա նախարարին է ներկայացրել բանկի ֆինանսավորման պայմանները, ֆոնդերը, գործող ծրագրերի ընթացքը և նախատեսվող նախաձեռնությունները։
Քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին