Կվերաբացվի Երևան քաղաքի Կասյանի գյուղմթերքների տոնավաճառը

2018-06-01

34066816_1816281051747979_5961803331453059072_oՀունիսի 2-ին ժամը 11:00-ին կվերաբացվի Երևան քաղաքի Կասյան փողոցի վերին հատվածում գտնվող գյուղատնտեսական մթերքների տոնավաճառը, որը կգործի յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին:

Տոնավաճառը կազմակերպվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։ Տոնավաճառին մասնակցելու են ՀՀ տարբեր մարզերը ներկայացնող գյուղացիական տնտեսություններ` սպառողներին ներկայացնելով բացառապես սեփական արտադրանքը:

Գյուղացիական տնտեսությունների մասնակցությունը տոնավաճառներին անվճար է: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տոնավաճառների մասնակիցներին անվճար տրամադրելու է նաև հարմարավետ վրաններ, վաճառասեղաններ, կշեռքներ և սայլակներ:

Տոնավաճառն անցկացվում է 2011 թվականից և գյուղատնտեսական մթերք արտադրողների համար տոնավաճառին մասնակցելու պայմաններն անփոփոխ են:

Տոնավաճառին միայն սեփական արտադրանքը ներկայացնող գյուղացիական տնտեսությունների մասնակցությունը ապահովելու և միաժամանակ առևտրային միջնորդների մասնակցությունը բացառելու նպատակով կազմակերպիչների կողմից տեղում իրականացվելու է վերահսկողություն:

Սահմանվել և հետևողականորեն կիրառվելու են տոնավաճառին մասնակցելու հատուկ ընթացակարգեր. մասնակցությունը տոնավաճառին թույլատրվում է միայն Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի մարզային կառույցների կողմից տրված համապատասխան տեղեկանքների առկայության դեպքում, որոնք հավաստում են, որ վաճառքի ներկայացվող ապրանքը հանդիսանում է տվյալ մասնակցի սեփական արտադրանքը:
Տոնավաճառի տարածքում հասարակական կարգը կարգավորում է ՀՀ ոստիկանությունը:
Տոնավաճառի ավարտին կազմակերպվելու են տարածքի մաքրման աշխատանքներ:

Տպել