Գիտելիքահեն, տեխնոլոգիապես բարձր գյուղատնտեսություն. ՀՀ գյուղատնտեսության նախարարը մասնակցել է Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի եւ Երեւանի գինու ակադեմիայի շրջանավարտների ավարտական արարողությանը

2018-06-05

1Հունիսի 5-ին, ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը ներկա է գտնվել  Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի 2017-18 ուսումնական տարվա բակալավրիատի եւ մագիստրատուրայի, ինչպես նաեւ Երեւանի (Ի-ՎԻ-ԷՆ)  գինու ակադեմիայի շրջանավարտների ավարտական արարողությանը: Դիմելով շրջանավարտներին՝ նախարարը մասնավորապես ասել է.

 

-Հարգելի պարոն ռեկտոր, հարգելի գործընկերներ, ծնողներ, շատ սիրելի
շրջանավարտներ, ենթադրում եմ` ապագա շրջանավարտներ

 

Ողջունում եմ ձեզ այս հիշարժան եւ տոնական  օրվա առթիվ։

 

Անցել եք երկար ճանապարհ, տանջվել, քննությունների համար պարապել, իրար օգնել, հավանաբար` արտագրել… Ուսանողական կյանք է, ես էլ եմ այդ ճանապարհով անցել: Վերջիվերջո, եկել, հասել եք այս բաղձալի օրվան։ Չեմ ուզում ասել` ձեր գրիչը փառքով դրել եք պատյան, որովհետեւ այդ գրիչը  շարունակելու եք օգտագործել երկա՜ր-երկա՜ր տարիներ` ձեզ համար, ձեր ապագայի համար, Հայաստանի գյուղատնտեսության ու ագրոբիզնեսի, ամբողջ երկրի բարօրության համար։

 

Գյուղատնտեսությունը, շատերի կարծիքով, ինչ-որ երկրորդական բան է, որովհետեւ կան ավելի բարձր, գեղեցիկ, օտարահունչ բառեր, բայց իրականում պետք է հասկանանք, որ եթե այսօր գյուղատնտեսություն չունենանք, դատապարտված կլինենք սովի։ Այսինքն՝ դուք մեր ժողովրդին հացով ապահովող մարդիկ եք, ամենաբարձր, ամենավեհ, ամենաազնիվ մասնագիտության կրողներն եք։ Ես ուզում եմ վստահ լինել, որ այն գիտելիքը, որ ձեռք եք բերել այստեղ, կկարողանանք ճիշտ կիրառել, կզարգացնեք գյուղատնտեսությունը, ագրոբիզնեսը եւ երկիրը։

 

Կլինեք այն մասնագետները, ովքեր իրենց ուսերի վրա կտանեն այդ մեծ պատասխանատվությունը, միշտ կհիշեք ձեր դասախոսներին, ձեր համակուրսեցիներին, կշարունակեք ընկերությունը, որը ձեւավորվել է ուսումնառության տարիների ընթացքում, որովհետեւ հետո, երբ խնդիր է լինում, սկսում ես զանգել ընկերներիդ, խորհուրդներ հարցնել, այնպես որ` այս ընկերությունը պահպանեք, մասնագիտական առումով զարգացրեք եւ ամենակարեւորը՝ պահեք կապը ձեր ԲՈՒՀ-ի հետ։

 

Գյուղատնտեսության նախարարությունն էական բարեփոխումներ է սկսել, որպեսզի կարողանանք մեր երկրի գյուղատնտեսությունը հասցնել ավելի բարձր մակարդակի` գիտելիքահեն, տեխնոլոգիապես բարձր գյուղատնտեսություն ապահովել, որովհետեւ մեր երկիրը սակավահող է, սակավաջուր, շրջափակված, եւ այստեղ, մեր պապենականից զատ, պետք է նաեւ կարողանանք շարժվել ժամանակին համաքայլ, ճիշտ օգտագործել գիտության բոլոր նվաճումները: Բացի այդ` պետք է կարողանանք նաեւ հարաբերությունները ճիշտ բիզնեսի վերածել, որպեսզի գյուղատնտեսությամբ զբաղվելը լինի շահեկան թե’ հողի աշխատավորի, թե’ վերամշակողների, թե’ լոգիստիկ կառույցների համար, գյուղատնտեսության ամբողջ արժեշղթան ձեւավորելու համար:

 

Հույս ունեմ, որ Ի-Վի-Էն գինու ակադեմիայի շրջանավարտների ջանքերի շնորհիվ գինու մշակույթը կվերականգնենք, բարձրորակ գինու արտադրությունը, սպառումը եւ միջազգային ճանաչումը կհասցնենք շատ ավելի բարձր մակարդակի:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ:

 

Այս տարի Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի բակալավրիատն ավարտում  է 29 ուսանող: Առ այսօր կենտրոնի բակալավրիատն ավարտել է 477 շրջանավարտ, որոնցից 53-ը՝ Վրաստանի Հանրապետությունից: Իսկ մագիստրոսական ծրագիրը մինչ օրս տվել է 92 շրջանավարտ, այդ թվում 17-ն ավարտել է այս տարի: Երեւանի  գինու ակադեմիան այս տարի տալիս է իր երրորդ շրջանավարտ կուրսը՝ բաղկացած 14 շրջանավարտից: Բոլորը, ինչպես եւ նախորդ երկու տարիների շրջանավարտները , ապահովված են մասնագիտական աշխատանքով:

 

 

Տպել