Քննարկվել է Շիրակի մարզում հետազոտական փորձացուցադրական կենտրոն հիմնելու հարցը

2018-05-18

2Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի Շիրակի մարզային կառույցում նախօրեին տեղի է ունեցել հանդիպում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիայի գլխավորած պատվիրակության հետ՝մարզում հետազոտական փորձացուցադրական տնտեսություն հիմնելու հնարավորությունը քննարկելու նպատակով։

 

Հանդիպմանը մասնակցում էին Հայկական բարեգործական ընդհանուր միության ներկայացուցիչ Նարինե Հայրապետյանը, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գյուղատնտեսական խորհրդատվության տնօրեն Դավիթ Բաբայանը, Շիրակի մարզային կառույցի ղեկավար Ջիվան Ասլանյանը, ոլորտի այլ պատասխանատուներ:

 

Շիրակի մարզային կառույցի ղեկավար Ջիվան Ասլանյանը նշել է, որ հետազոտական փորձացուցադրական տնտեսության կենտրոնի հիմնմամբ հնարավոր կլինի իրականացնել գյուղատնտեսության ճյուղերի դիվերսիֆիկացում՝ պայմանավորված կլիմայի գլոբալ փոփոխմամբ, ավելի բարձրարժեք մշակաբույսերի, տարբեր պտղատուների և հատապտուղների սորտերի, նոր մշակաբույսերի ներդրում և փորձարկում: Հետազոտական կենտրոնի հիմնական շահառուներն են լինելու գյուղացիական տնտեսություն վարողները և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողները: Ֆերմերներն ուսուցման և խորհրդատվության հետ հնարավորություն կունենան տեսնել նաև ցուցադրական դաշտեր, համոզվել նոր տեխնոլոգիաների ներդրման արդյունավետության մեջ: Բացի այդ, ուսանողներին հնարավորություն կընձեռվի կենտրոնում արտադրական պրակտիկա անցկացնել, հաղորդակցվել արտադրության վարման հետ, տեսական գիտելիքներն ամրապնդել պրակտիկ ու փորձարարական գործունեությամբ:

 

Արգենտինայի դեսպանն իր հերթին հույս է հայտնել, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության  և Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի հետ համատեղ ու փոխշահավետ համագործակցությունը կկրի շարունակական բնույթ, իսկ ծրագիրը կյանքի կոչվելու դեպքում էականորեն կնպաստի ոլորտի և հատկապես խորհրդատվական համակարգի զարգացմանը, գյուղատնտեսության մեջ գիտական ու նորարարական մտքի կիրառմանը:

 

Հանդիպման ավարտից հետո արգենտինական պատվիրակությունն այցելել է նախկին փորձարարական բազա, ծանոթացել ներկա պայմաններին:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին

 

Տպել