Քննարկվել են Ավստրիայի զարգացման գործակալության հետ համագործակցության հեռանկարները
2018-05-25
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր ընդունել է Ավստրիայի զարգացման գործակալության (ԱԶԳ) գրասենյակի ղեկավար Գերհարդ Շաումբերգերի գլխավորած պատվիրակությանը` գյուղատնտեսության ոլորտում գործակալության կողմից իրականացվող ծրագրերը և համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով:
Ողջունելով հյուրերին` նախարարը բարձր է գնահատել ԱԶԳ-ի ներդրած ջանքերը և տարբեր ծրագրերի ներքո ցուցաբերվող օժանդակությունը` ուղղված Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը և հույս հայտնել, որ երկկողմ համագործակցությունը կշարունակի ընդլայնվել և զարգանալ:
Այնուհետև նախարար Արթուր Խաչատրյանը համառոտ ներկայացրել է ոլորտի ներկա խնդիրներն ու մարտահրավերները` այս համատեքստում հատկապես կարևորելով մշակվող հողատարածքների ծավալի ավելացման, գյուղմթերքի արժեշղթաների ամբողջականացման, կոոպերացիայի զարգացման, ոռոգման և հակակարկտային ժամանակակից համակարգերի ներդրման անհրաժեշտությունը:
Առանձին անդրադարձ է կատարվել նաև արտահանման շուկաների ընդլայնման նպատակով տեղական գյուղատնտեսական արտադրանքի որակի բարձրացման, սննդամթերքի անվտանգության ապահովման, խորհրդատվական համակարգերի բարելավման, օրգանական գյուղատնտեսության զարգացման խնդիրներին:
Երկուստեք ընդգծվել է նաև ոլորտում ներգրավված անձանց մասնագիտական գիտելիքների բարձրացման կարևորությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապեր բաժին