Նախագահական նստավայրում տեղի ունեցավ ՀՀ կառավարության անդամների երդման արարողությունը
2018-05-22

Առաջինն ամբիոնին մոտեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընթերցելով երդման տեքստը.«Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ Կառավարության անդամի բարձր կոչմանը»:
Այնուհետև հերթով երդվեցին կառավարության մյուս անդամները:
Երդման արարողության ավարտին Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորեց վարչապետին և կառավարության անդամներին՝ մաղթելով նրանց բեղմնավոր ու արգասաբեր աշխատանք ի շահ հայրենիքի և ժողովրդի:
Նշենք, որ կառավարության երդմնակալությունը նորամուծություն է Հայաստանի քաղաքական և պետական կառավարման մշակույթում:
Աղբյուրը` ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջ