Ստեղծվել է բնական կերհանդակների` արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակ

2018-03-27

1Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամը գործընկեր կազմակերպություններ «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հետ համատեղ կազմակերպել էր սեմինար-քննարկում` նվիրված բնական կերհանդակների` արոտավայրերի և խոտհարքների, կառավարմանն ուղղված ծրագրերի համատեղ իրականացմանը:

 

Այդ նպատակով ստեղծվել է համագործակցության հարթակ, որը միտված կլինի ոլորտի շահագրգիռ գերատեսչությունների ու կազմակերպությունների համագործակցությանն ու ոլորտում առկա խնդիրների լուծման գործընթացի համակարգմանը` նպատակ ունենալով ապահովել համայնքների սոցիալ-տնտեսական զարգացումը:

 

Համագործակցության շրջանակում նախատեսվում է բնական կերային հանդակների կայուն կառավարման միասնական մոտեցման մշակում և կիրառում` տեղական փորձի տարածման և միջազգային փորձի տեղայնացման միջոցով:

 

Քննարկմանը ներկա էր նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը, որն ընդգծել է հարթակի շրջանակում ակտիվ համագործակցության կարևորությունը:

 

Հիմնադրամի ծրագրերի կառավարման և զարգացման տնօրեն Գեորգի Խաչատրյանն իր հերթին նշել է, որ տարբեր կառույցների կողմից նույն ոլորտում իրականացվող  ծրագրերը համակարգման կարիք ունեն:

 

Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամը ստանձնելու է հարթակի գործունեության ընդհանուր համակարգումը, ոլորտի գործող օրենսդրության բարելավմանն ուղղված առաջարկություններով պետական քաղաքականության ձևավորումը:

 

                                                                                                                                                                                                           Մանրամասները տեսանյութում`
                                                                                                                                                                                                                                                                                                      

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել