ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Թիեն Ըրլոնգին

2018-03-30

30 ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիեն Ըրլոնգին:Հանդիպման սկզբում երկուստեք ընդգծվել է, որ գյուղատնտեսության ոլորտում հայ-չինական հարաբերություններում առկա է մեծ ներուժ և անհրաժեշտ է հստակեցնել համագործակցության հնարավոր ուղղությունները ներկայիս աշխարհա-քաղաքական զարգացումների համատեքստում:

 

 Անդրադառնալով 2017 թվականի նոյեմբերին Չինաստանի Շանհայ քաղաքում կայացած «PrօWine China 2017» ցուցահանդեսին, որին առաջին անգամ մասնակցել են գինեգործական և կոնյակագործական հայաստանյան մի շարք ընկերություններ` նախարար Իգնատի Առաքելյանն առաջարկել է համատեղ միջոցներ ձեռնարկել չինաստանյան շուկայում հայկական գինեգործական և կոնյակագործական արտադրանքի առաջմղման ուղղությամբ: Նախարարը նաև տեղեկացրել է, որ Հայաստանում ստեղծվել է խաղողագործության և գինեգործության հիմնադրամ, որն ակտիվ գործունեություն է ծավալում այս ոլորտում: 

 

 

Նախարար Իգնատի Առաքելյանը վստահություն է հայտնել, որ չինական շուկայում հայկական գյուղատնտեսական արտադրանքի ճանաչելիության բարձրացումը կհանգեցնի հայկական արտադրանքի հանդեպ հետաքրքրության աճի և չինական ներդրումների ներհոսքի:Միաժամանակ նախարարն ընդգծել է, որ հայկական կողմը պատրաստ է ուսումնասիրել գյուղատնտեսության ոլորտում հայ-չինական համատեղ արտադրության կազմակերպման յուրաքանչյուր առաջարկ:

 

 

Դեսպան Թիեն Ըրլոնգն իր հերթին նպատակահարմար է համարել փոխգործակցություն ծավալել հատկապես ջերմոցային տնտեսություններում համատեղ արտադրության կազմակերպման ուղղությամբ: Նա վստահություն է հայտնել, որ Հայաստանի ջերմոցներում արտադրվող գյուղմթերքը կունենա արտասահմանյան շուկայում իրացման իրատեսական հնարավորություններ: Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպանն անդրադարձել է նաև 2018 թվականի նոյեմբերին Շանհայ քաղաքում կայանալիք «China International Import Expo 2018» ցուցահանդեսին և առաջարկել, որպեսզի ագրոպարենային ոլորտի հայաստանյան ներկայացուցիչները նույնպես մասնակցեն այդ խոշոր միջոցառմանը: 

 

 

Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել են ուսումնասիրել չինական գյուղատնտեսական շուկայի ներկայիս պահանջարկը ագրարային բնագավառում համատեղ ծրագրերի իրականացման նպատակով:

 

 

 

 ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել