ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Բելառուսի արդյունաբերության նախարարի տեղակալ Դմիտրի Կորչիկին
2018-03-02
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Բելառուսի Հանրապետության արդյունաբերության նախարարի տեղակալ Դմիտրի Կորչիկին` երկկողմ համագործակցության շրջանակների ընդլայնման առավել հեռանկարային ուղղությունները քննարկելու նպատակով: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկը:
«Հայաստանի և Բելառուսի միջև պատմականորեն հաստատվել են բարիդրացիական հարաբերություններ, որոնք առավել ամրապնդվել են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում: Նկատի ունենալով գյուղատնտեսության ոլորտում Բելառուսի փորձը` մենք կցանկանայինք քննարկել երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունը: Բացի այդ, առաջիկայում Բելառուսի անտառային տնտեսության նախարարության առաջարկով «Սևան» ազգային պարկի 10 հեկտար հողատարածքի վրա նախատեսվում է հիմնել անտառտնկարկներ, որի ուղղությամբ այժմ իրականացվում են շինարարական և մելիորացիայի աշխատանքներ», – ողջունելով հյուրերին` նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Անդրադառնալով Հայաստանում գյուղատնտեսական տեխնիկայի պարկի վերազինման և արդիականացման հարցին` Իգնատի Առաքելյանը տեղեկացրել է, որ ընթացքի մեջ է «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագիրը, որում ընդգրկված տեխնիկայի ցանկը հետագայում նախատեսվում է համալրել այլ սարքավորումներով: Այս համատեքստում նախարարն առաջարկել է բելառուսական կողմին ուսումնասիրել ծրագրին միանալու հնարավորությունը: Նախարար Իգնատի Առաքելյանը հնարավոր է համարել նաև բելառուսական շահագրգիռ կազմակերպությունների մասնակցությունը Հայաստանում մեքենա-տրակտորային կայանի (ՄՏԿ) ստեղծմանը: Բացի այդ, Իգնատի Առաքելյանը և Դմիտրի Կորչիկն իրատեսական են համարել նաև գյուղտեխնիկայի համատեղ հավաքման ուղղությամբ փոխգործակցությունը:
Որպես երկկողմ համագործակցության մեկ այլ հեռանկարային ուղղություն դիտարկվել է անասնապահության ոլորտում համատեղ համալիրի ստեղծման հնարավորությունը:
Կարևորելով բելառուսական փորձը գյուղատնտեսական կրթության բնագավառում` նախարար Իգնատի Առաքելյանն առաջարկել է հանրապետությունում հիմնել ֆերմերային քոլեջ, որը կգործի ֆերմերային տնտեսություններին կից, ինչը հնարավորություն կտա ուսանողներին տեսական դասընթացները զուգակցել պրակտիկ աշխատանքով:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին