Հայկական գինեգործական ընկերությունները «Պրովայն Դյուսելդորֆ 2018» միջազգային ցուցահանդեսից վերադարձել են մեդալներով

2018-03-27

2 (10)Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի աջակցությամբ հայկական գինեգործական  16  ընկերություններ միասնական տաղավարով ներկայացրել են իրենց արտադրանքը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Դյուսելդորֆ քաղաքում տեղի ունեցած գինու և ալկոհոլային ըմպելիքների՝ «Պրովայն Դյուսելդորֆ 2018»  ամենամյա միջազգային ցուցահանդեսին,  որը համարվում է խոշորագույններից մեկն աշխարհում:

 

Ընկերությունների կողմից ներկայացվել են ավելի քան 130 տեսակի հանգիստ և փրփրուն գինիներ: Ցուցահանդեսի ամբողջ ընթացքում հայկական տաղավարը այցելուների մեծ հոսք է ունեցել: Մի շարք ընկերություններ ցուցահանդեսից վերադարձել են ոսկե և արծաթե մեդալներով:

 

 

Ցուցահանդեսի շրջանակում գինեգործ Վիլի Օպիցի կողմից անց է կացվել հայկական գինիների համտես՝ միջազգային լրատվամիջոցների, գինու մասնագետների և առևտրային ներկայացուցիչների համար:

 

Համաձայն նախնական վերլուծությունների` ցուցահանդեսին մասնակցության արդյունքում մասնակից ընկերություններն ընդհանուր առմամբ ունեցել են ավելի քան 500 հանդիպում հնարավոր գնորդների հետ։ Հանդիպումների արդյունքում ձեռք են բերվել 200 նախնական պայմանավորվածություններ:

 

Հայկական տաղավար է այցելել նաև ԳԴՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը: Վերջինս հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանի ուղեկցությամբ շրջայց է անցկացրել հայկական տաղավարում, համտեսել գինիները` կարևորելով Հայաստանի մասնակցությունը նման կարևոր ու զանգվածային միջոցառումներին:

 

Ցուցահանդեսին  ընդհանուր առմամբ ներկայացված էին ավելի քան 6600 ընկերություններ, այցելուների թիվը կազմել է  շուրջ 60.000:

 

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել