Արագածոտնում բացվել է «Քաղցր Արագած» ազնվամորու և մրգերի վերամշակման արտադրամասը

2018-03-26

1Արագածոտնի մարզի Արագած համայնքում մարտի 23-ին բացվել է «Քաղցր Արագած» ազնվամորու և մրգերի վերամշակման արտադրամասը, որը հիմնվել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության կողմից տրամադրված շուրջ 7,000 եվրո դրամաշնորհի շրջանակներում:

 

Արտադրամասի բացման պաշտոնական արարողությանը մասնակցում էին ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գյուղատնտեսական խորհրդատվության տնօրինության ղեկավար Դավիթ Բաբայանը, Վորլդ Վիժն Հայաստանի Արագածոտնի մարզի զարգացման ծրագրերի ղեկավար Թամարա Բարբակաձեն, Արագած համայնքի բնակիչներ և այլ հյուրեր:

 

«ԱՐԱԳԱԾ. քաղցր և համեղ» արտադրատեսակները պատրաստվելու և վերամշակվելու են էկոլոգիապես մաքուր մթերքներից, պտուղներից և հատապտուղներից։ Այստեղ մասնավորապես նախատեսվում է արտադրել ազնվամորու, բալի, տանձի, դդմի ու սալորի մուրաբաներ և հյութեր, արտադրողականությունը կհասնի օրական մինչև 100 կգ-ի: Սա հրաշալի հնարավորություն է ոչ միայն նոր աշխատատեղերի ստեղծման, այլև համայնքի ֆերմերների գյուղմթերքն իրացնելու համար:

 

ԳԴՀ դեսպան Բերնհարդ Քիսլերն իր խոսքում նշել է, որ ուրախ են ֆինանսավորել վերամշակման արտադրամասի ստեղծումը և վստահություն հայտնել, որ այն կօգնի ֆերմերներին ավելացնել իրենց եկամուտները: Դավիթ Բաբայանն իր հերթին նշել է, որ տվյալ տարածաշրջանի համար կարևոր է  բարձրարժեք մշակաբույսերի աճեցմանն անցումը, և Գյուղատնտեսական խորհրդատվության տնօրինությունը կաջակցի ֆերմերներին արդյունավետ կազմակերպել ազնվամորու մշակությունը լարասյունային համակարգով, իսկ բերքի շրջանում կաջակցի իրացման  հարցում:

 

Խմբի անդամները հույս են հայտնել, որ  «Քաղցր Արագած»-ի արտադրանքով  առավել ճանաչելի կդարձնեն իրենց համայնքը:

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

 

 

Տպել