Տեղեկատվություն. գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման պիլոտային ծրագրի արդյունքների վերաբերյալ
2018-02-02
Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման պիլոտային ծրագիրը հավանության է արժանացել ՀՀ կառավարության 03.08.2017թ. նիստի N 33 արձանագրային որոշմամբ: Ծրագրի շրջանակներում տարեկան առավելագույնը մինչև 12% անվանական տոկոսադրույքով տրամադրվող նպատակային վարկերի մինչև 9%-ային կետին համարժեք մասը (գումարը) սուբսիդավորվել է, և վարկառուի կողմից վճարվող վարկի տարեկան տոկոսադրույքը կազմել է 3%: Ծրագրի շրջանակում տրամադրվող սուբսիդավորման ենթակա վարկերը նպատակաուղղվել են բացառապես մթերվող բերքի արժեքի վճարմանը: Ծրագրից կարող էին օգտվել պտուղ-բանջարեղեն և խաղող վերամշակող ընկերությունները:
Պիլոտային ծրագրի շրջանակում տրամադրվող վարկային պորտֆելը նախատեսվել էր շուրջ 2.4 մլրդ դրամ, յուրաքանչյուր վարկառուին տրամադրվող վարկի առավելագույն չափը 150 մլն դրամ:
Ծրագրին մասնակցելու համաձայնություն են տվել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ, Ամերիաբանկը, Արարատբանկը, Արդշինբանկը, Արմսվիսբանկը, Ինեկոբանկը, Կոնվերսբանկը, Հայբիզնեսբանկը, Հայէկոնոմբանկը, Պրոմեթեյ բանկը, Բիբլոս Բանկ Արմենիա և ՎՏԲ Հայաստան բանկերն ու ՓՄՁ ներդրումներ և Քարդ ԱգրոԿրեդիտ ունիվերսալ վարկային կազմակերպությունները:
Ըստ ՀՀ ԿԱ «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ» ՊՀ-ի կողմից ներկայացված վերջին հաշվետվության՝ 2017 թվականի դեկտեմբերի 29-ի դրությամբ բանկերի կողմից հաստատվել են 19 ընկերության («Պռոշյանի կոնյակի գործարան», «Արարատի գինու գործարան», «Աքուիլա», «Տրինիտի», «Գետնատուն», «Մաթևոսյան վայն», «Վայք գրուպ», «Վան ֆուդ», «Արեգակ կոնյակի գործարան», «Արթուր և Էդիտա», «Մարան», «Արմենիա վայն» գործարան» և «Գուրմանե» ՍՊԸ-ներ, «Եվրոթերմ», «Թամարա ֆրութ», «Սակի ընդ սանս» և «Սիս նատուրալ» ՓԲԸ-ներ, «Արտաշատի պահածոների գործարան» և «Երևանի շամպայն-գինիների գործարան» ԲԲԸ-ներ) վարկի տրամադրման դիմումները՝ 1310.9 մլն դրամի չափով, որոնց շրջանակներում գյուղացիական տնտեսությունների հետ կնքվել են թվով 919 բերքի գնման պայմանագրեր:
Ծրագրից օգտվել են ՀՀ Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Լոռու, Տավուշի ու Վայոց ձորի մարզերում և Երևան քաղաքում տեղակայված պտուղ-բանջարեղեն և խաղող վերամշակող ընկերություններ:
Նախատեսվում է ծրագիրը վերը նշված պիլոտային ծրագրի պայմաններով, ավելի ընդլայնված ծավալներով շարունակել 2018թ-ին և հաջորդ տարիներին: ՀՀ կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի N 53 արձանագրային որոշմամբ հավանության է արժանացել Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը: 2018թ-ից սկսած ծրագրի վարկային պորտֆելը կկազմի շուրջ 18.0 մլրդ դրամ, իսկ յուրաքանչյուր վարկառուին տրամադրվող վարկի առավելագույն չափը՝ մինչև 1.0 մլրդ դրամ:
Ծրագրի արդյունքների մասին ամփոփ տեղեկատվություն ըստ մարզերի և ոլորտների
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին