Մեկնարկում է նոր ծրագիր` ուղղված կաթի արտադրության ոլորտի բարելավմանը

2018-02-20

3 (3)ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հանդիպել է  ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) Եվրոպայի և Կենտրոնական  Ասիայի տարածաշրջանային գրասենյակի ագրոտնտեսագետ Ջոն Օ՛Քոնելի գլխավորած պատվիրակությանը` «Անասնակերի մատակարարման  և կաթի վերամշակման գործընթացների բարելավում Հայաստանի կաթնամթերքի ոլորտում»  ծրագրի մեկնարկին և իրականացմանն առնչվող հարցերի քննարկման նպատակով:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարը, ողջունելով հյուրերին, կարևորել է նման ծրագրի իրականացումը Հայաստանում:

«Սա մեզ համար շատ կարևոր ծրագիր է: Մենք ունենք անասնապահության լավ պատմություն և ոլորտում ոչ գոհացուցիչ իրավիճակ: Գիտենք` ուր ենք ուզում գնալ, սակայն  ունենք հարցադրումներ, որոնց պատասխաններն ու լուծումներն ակնկալում ենք այս ծրագրից»,- մասնավորապես նշել է Իգնատի Առաքելյանը:

 

Նախարարը հույս է հայտնել, որ ծրագրի իրականացման արդյունքում հնարավոր կլինի առկա խնդիրների լուծման բանաձևերը գտնել, ինչը հիմք կհանդիսանա ոլորտի երկարաժամկետ ռազմավարության մշակման համար: Իգնատի Առաքելյանը մասնավորապես կարևորել է արոտավայրերի, կենդանիների տոհմային հատկանիշների բարելավմանը,  առավել արդյունավետ կերարտադրության զարգացմանը, կաթի որակի բարձրացմանը,  կենդանիների արդյունավետ պահվածքին առնչվող հարցերը:

 

Ջոն Օ՛Քոնելը, ներկայացնելով ծրագրի հիմնական դրույթները, նշել է, որ այն ունի երկու բաղադրիչ: Առաջինը վերաբերում է կերարտադրության ոլորտի ուսումնասիրությանը, որի շրջանակում նաև երկրի շրջակա միջավայրին առավել հարմար այլընտրանքային կերարտադրության տարբերակներ կընտրվեն և արդյունքում կմշակվի տնտեսական մոդել` ուղղված կերարտադրության միջոցով կաթի արտադրության   ավելացմանը:
Նա նաև տեղեկացրել է, որ նոյեմբեր ամսին տեղի ունենալիք սեմինարի ընթացքում, որին կմասնակցեն պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ,  կներկայացվեն այդ ուսումնասիրությունների արդյունքները ռազմավարությունների մշակման համար:

 

Ծրագրի շրջանակում երկրորդ հետազոտությունը նվիրված կլինի կաթի վերամշակման ոլորտի ուսումնասիրությանը: Բացի այդ, հարցում կիրականացվի սպառողների շրջանում: Այս երկու ուսումնասիրությունները համադրելով` կստեղծվի ներդրումների ճանապարհային քարտեզ:

 

Նախարար Առաքելյանը կարևորել է ծրագրի իրականացման ընթացքում նախարարության պատասխանատու ստորաբաժանումների հետ սերտ համագործակցությունը` ընդգծելով, որ նախարարության տեղեկատվական բազայում առկա են արդեն իրականացված տարբեր ուսումնասիրություններ, որոնք կարող են օգտակար լինել` խնայելով ժամանակ և ռեսուրսներ, ինչպես նաև կարևորել է առաջարկների տնտեսական հիմնավորումը` հույս հայտնելով, որ այս ծրագրի իրականացման արդյունքում, միջազգային փորձը տեղայնացնելով Հայաստանի իրականության հետ, կառաջարկվեն կիրառական նշանակություն ունեցող  լուծումներ` ուղղված ոլորտի զարգացմանը:
 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել