Ինտենսիվ պտղատու այգիների հիմնման, կարկտապաշտպան ցանցերի և կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման համար սուբսիդավորված վարկեր կտրամադրի նաև «Կոնվերս բանկը»

2018-02-08

1 (25)ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը,  Կոնվերս բանկի կորպորատիվ բիզնեսի գծով տնօրեն Ռոստոմ Բադալյանը  և ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի գյուղական ֆինանսավորման կառույցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Հարությունյանը ստորագրել են  Հայաստանում ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնման, կարկտապաշտպան ցանցերի և կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման  ծրագրերի իրականացումն ապահովելու նպատակով համագործակցության հուշագրեր:

 

«Մենք մարզերից ունենք օպերատիվ տեղեկատվություն, որ գյուղացիական տնտեսությունները հետաքրքրված են ծրագրերով, պայմաններ են ճշտում, դիմում են բանկերին»,-նշել է նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը:

 

Փոխնախարարի խոսքով` օր օրի աճում է  նաև  ծրագրով հետաքրքրված կապալառու կազմակերպությունների թիվը, որոնք պատրաստակամություն են հայտնում հանդես գալ որպես կառուցապատող ընկերություններ:
Ծրագրերի շրջանակներում վարկերը տրամադրվելու են ֆիզիկական և իրավաբանական անձանց, այդ թվում՝ կոոպերատիվներին ու անհատ ձեռնարկատերերին:

 

 Պետության կողմից իրականացվելու է վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորում: Շահառուները  կարկտապաշտպան ցանցերի և կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման համար կարող են ստանալ տարեկան 2, իսկ ինտենսիվ պտղատու այգիների հիմնման համար` 5 % տոկոսադրույքով վարկեր:

 

«Այս համաձայնագրի ստորագրումը թույլ կտա Կոնվերս բանկին ավելի մատչելի ֆինանսավորում կատարել փոքր և միջին գյուղացիական տնտեսություններին աջակցելու համար»,-նշել է Կոնվերս բանկի կորպորատիվ բիզնեսի գծով տնօրեն Ռոստոմ Բադալյանը՝ տեղեկացնելով, որ բանկի մասնաճյուղերը հասանելի են ՀՀ ամբողջ տարածքում:
Վահե Հարությունյանը իր հերթին նշել է, որ ծրագրի նկատմամբ  խոշորագույն բանկերի հետաքրքվածությունը պայմանավորված է նրանով, որ դրանք նպատակային և պրակտիկ են:

 

Մինչ օրս նշված ծրագրերի շրջանակում համագործակցության հուշագրեր են ստորագրվել նաև «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ի, «Ինեկոբանկ»-ի, «Արմսվիսբանկ»-ի և  «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ունիվերսալ վարկային կազմակերպություն առևտրային կոոպերատիվի հետ:

 

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության  տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

Տպել