ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ընդունել է Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը
2018-01-31
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր հյուրընկալել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը:Հանդիպման նպատակն էր քննարկել 2018-2020 թվականներին ԵՄ ֆինանսական աջակցության հիմնական ուղղությունները և հետագա համագործակցության հեռանկարները:
Վասիլիս Մարագոսը նշել է, որ 2017 թվականին ԵՄ-ի համագործակցությունը Հայաստանի հետ բավականին հաջող է ընթացել` կարևորելով ՀՀ-ի և ԵՄ-ի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը:
Անդրադառնալով 2018 թվականի ԵՄ բյուջեով նախատեսված ծրագրերին` ԵՄ պաշտոնյան հավելել է, որ նախատեսում են շարունակել օժանդակությունն ուղղված տարածքային զարգացմանը, որի համար ընտրվել են Հայաստանի հյուսիսային մարզերը` Շիրակը, Լոռին և Տավուշը:
Ողջունելով հյուրերին` ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին Հայաստանի գյուղատնտեսության ոլորտին, մասնավորապես Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման ծրագրի (ENPARD) շրջանակում ցուցաբերած երկարատև օժանդակության համար:
Նախարար Առաքելյանն առաջարկել է ԵՄ գործընկերներին քննարկել նշված մարզերում PPP (պետություն-մասնավոր հատված գործընկերություն) ձևաչափով մթերման կայանների ստեղծման հարցում ֆինանսական օժանդակություն ցուցաբերելու հարցը: Նախարարի խոսքով` դրանք կլինեն սոցիալական պատասխանատվության կենտրոններ, որոնք ֆերմերներին արտադրանք կպատվիրեն, կհոգան սերմնանյութի, ֆերմերների խորհրդատվության հարցերը և կգնեն ստացված արտադրանքը:
«Փոքր տնտեսությունների զարգացումը խիստ կարևոր է, սակայն նրանք ունեն առևտրայնացման խնդիր և մշտապես բախվում են արտադրանքի իրացման հարցի հետ: Նման մթերման կայանների ստեղծումը հնարավորություն կտա երաշխավորել արտադրանքի իրացումը և ունենալ ձևավորված շղթա` պատվերի, արտադրության, գնման և արտահանման»,- իր խոսքում մասնավորապես նշել է նախարար Առաքելյանը:
Գյուղատնտեսության նախարարը կարևորել է նաև ապագա երիտասարդ ֆերմերների պատրաստման և բարձրակարգ կրթություն ապահովելու հարցը` առաջարկելով առկա քոլեջների հիմնանորոգման համար նախատեսված ֆինանսական օժանդակությունն ուղղել մարզերում եվրոպական մոդելով տեղի պայմաններին հարմարեցված երկու ֆերմերային քոլեջների ստեղծմանը, որոնք կհիմնվեն գործող տնտեսություններին կից, ինչ հնարավորություն կտա նաև տեսական դասընթացները զուգակցել պրակտիկ աշխատանքով:
Վասիլիս Մարագոսը դրական է արձագանքել ներկայացված առաջարկներին` նշելով, որ հիասքանչ գաղափարների փունջ է և հավակնոտ ծրագիր: Նա կարևորել է այդ ծրագրերի իրականացման գործում նաև գենդերային հարցերը, ինչպես նաև գյուղոլորտում երիտասարդների ներգրավումը խրախուսելուն ուղղված միջոցառումները:
Կողմերը պայմանավորվել են, որպեսզի ՀՀ գյուղատնտեսության նախարությունը մշակի և ներկայացնի մթերման կայանների ծրագիրը, իսկ գյուղատնտեսական կրթական քոլեջների ստեղծմանն օժանդակելու հարցը քննարկվի միջգերատեսչական մակարդակով որոշում կայացնելուց հետո:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին