ՀՀ գյուղատնտեսության նախարարը հանդիպում է ունեցել թռչնաբույծների հետ
2018-01-26
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հանդիպում է ունեցել տեղական թռչնաբուծական ընկերությունների մի շարք ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարը, ողջունելով ներկաներին, նշել է, որ հանդիպման նպատակը հանրապետությունում թռչնաբուծության ոլորտի ընթացիկ խնդիրների և զարգացման հնարավորությունների քննարկումն է:
«Տեղական թռչնաբուծությունը մեզ համար շատ կարևոր ճյուղ է և զարգացման մեծ ներուժ ունի: Ձեզ հետ մեկ տարի առաջ ենք հանդիպում ունեցել և այսօր ցանկանում ենք համատեղ քննարկել և հասկանալ` ինչպիսին է ոլորտում ընթացիկ իրավիճակը և ինչ քայլեր կարող ենք ձեռնարկել` միտված ոլորտի զարգացմանը»,-նշել է նախարար Առաքելյանը:
Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը նշել է, որ թեև 2017 թվականը դժվար տարի էր, սակայն թռչնաբուծության ոլորտում նախորդ տարվա համեմատ կարողացել են աճ ապահովել, միաժամանակ այս պահին շուկայում նկատվում է թռչնամսի և հավկիթի գների նվազում:
Հանդիպման մասնակիցները բարձրացրել են նոր ստեղծված տեղական արտադրողներին ցածր տոկոսադրույքով վարկերի տրամադրման և մի շարք այլ հարցեր, կարևորել են հանրապետությունում պետական աջակցությամբ տոհմային տնտեսության ստեղծումը, ինչը կնվազեցնի տեղական արտադրողների կախվածությունը ներմուծումից և արտադրանքի ինքնարժեքը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին