Տեղի է ունեցել ՀՀ-ում ԳՁՕ-ների գործածության կենսաանվտանգության ապահովման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստը
2017-12-11
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր տեղի է ունեցել ՀՀ-ում ԳՁՕ-ների գործածության կենսաանվտանգության ապահովման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստը, որը վարում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:Նիստին մասնակցել են ՀՀ գյուղատնտեսության, բնապահպանության, առողջապահության նախարարությունների ներկայացուցիչներ, ոլորտի հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, գիտնականներ:
Աշխատանքային խումբը քննարկել է ՀՀ-ում ԳՁՕ-ների գործածության կենսաանվտանգությանը միտված առաջիկա քայլերը և ներկայացրել առաջարկներ դրանց իրականացման մեխանիզմների ուղղությամբ:
Քննարկումների արդյունքում որոշվել է ԳՁՕ-ների գործածության օրենսդրական կարգավորումներն իրականացնել առաջնորդվելով «նախազգուշավորության սկզբունքով»` հաշվի առնելով, որ գիտությունը դեռևս չի ապացուցել դրանց անվտանգությունը, ինչը ենթադրում է, որ անհրաժեշտ է արգելել ԳՁՕ-ների կիրառումը:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հանձնարարել է վեր հանել «ՀՀ-ում ԳՁՕ-ների գործածության կենսաանվտանգության մասին» ՀՀ օրենքի նախագծի սկզբնական տարբերակը, անհրաժեշտ լրամշակումներ կատարել և ուղարկել բոլոր անդամներին` երկշաբաթյա ժամկետում կարծիքներ ներկայացնելու նպատակով:
Քննարկումների ընթացքում աշխատանքային խմբի անդամները կարևորել են նաև սպառողների իրազեկվածության մակարդակի բարձրացումը և պարբերաբար զանգվածային լրատվության միջոցներով հաղորդումների կազմակերպումը` պետական պաշտոնյաների և հանրային հատվածի ներկայացուցիչների մասնակցությամբ:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին