ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին
2017-12-20
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի ներկա առաջնահերթությունները, երկկողմ համագործակցության հեռանկարները: Անդրադարձ է կատարվել գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածությանը և բիոտեխնոլոգիաների կիրառմանը վերաբերող հարցերին` շեշտադրելով սննդամթերքի անվտանգության և բարձր որակի ապահովման անհրաժեշտությունը:
«ԳՁՕ-ների գործածության կենսաանվտանգության ապահովման նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ, որում ընգրկվել են ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ բնապահպանության և ՀՀ առողջապահության նախարարությունների պատասխանատուներ, ոլորտում ներգրավված հասարակական կազմակերպությունների ղեկավարներ և գիտնականներ: Աշխատանքային խմբի քննարկումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ԳՁՕ-ների գործածության օրենսդրական կարգավորումներն իրականացնել «նախազգուշավորության սկզբունքով», քանի որ դեռևս ապացուցված չէ դրանց անվտանգությունը», – նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:
Նախարարը նաև տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսվում է վերանայել և լրամշակումներ կատարել «ՀՀ-ում ԳՁՕ-ների գործածության կենսաանվտանգության մասին» ՀՀ օրենքի նախագծի սկզբնական տարբերակում:
ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն իր հերթին վերահաստատել է ԱՄՆ կառավարության պատրաստակամությունն աջակցել Հայաստանում գյուղատնտեսության զարգացմանը և փորձի փոխանակման նպատակով Հայաստան գործուղել համապատասխան մասնագետների:
«Մենք կարևորում ենք ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ մեր երկարամյա գործընկերությունը, որի հիմքում գյուղական բնակավայրերում տնտեսության և մարդկանց բարեկեցության բարելավման մեր ընդհանուր նպատակն է: Հայաստանում ԱՄՆ աջակցության շրջանակում գյուղատնտեսությունը գերակա ուղղություն է, քանզի այս ոլորտում մենք աճի մեծ ներուժ ենք տեսնում, և Դեսպանությունը կշարունակի աջակցել Նախարարությանը ոլորտի կանոնակարգման ու վերահսկման գործառույթի իրականացման հարցում», – նշել է ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող նոր ծրագրերը, սննդամթերքի անվտանգության ապահովմանը վերաբերող և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին