ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են սերմնարտադրությանն առնչվող հարցեր

2017-12-25

25ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր հրավիրվել էր աշխատանքային խորհրդակցություն` հանրապետությունում սերմնարտադրության և սերմնաբուծության ընթացիկ հարցերի և առաջիկա անելիքների քննարկման նպատակով, որը վարում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը, մարզպետարանների գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետերը, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի  մարզային կենտրոնների ղեկավարներ,  խոշոր սերմնարտադրողներ, այլ պատասխանատուներ:

 

Խորհրդակցության օրակարգային հարցերի թվում մասնավորապես քննարկվել են ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի և դիզելային վառելիքի սուբսիդավորման պետական աջակցության ծրագրերի 2017 թվականի արդյունքները, հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերի սերմարտադրության զարգացմանը, գարնանացանի աշխատանքների կազմակերպմանը, ինչպես նաև անասնահամաճարակային ընդհանուր իրավիճակին առնչվող հարցեր:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանի զեկուցմամբ` 2018 թվականին «Պետական աջակցություն հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման համար» և «Պետական աջակցություն հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման համար» ծրագրերի  շրջանակում 2017 թվականին մարզերից ստացված վճարունակ պահանջարկն ամբողջությամբ բավարարվել է, և պարտքեր չեն կուտակվել: Ընթացիկ տարում գյուղացիական տնտեսություններին ընդհանուր առմամբ տրամադրվել է շուրջ 28 490 տոննա ազոտական, 504 տոննա ֆոսֆորական և 902 տոննա կալիումական պարարտանյութ և 3 մլն  70 հազ. լիտր դիզվառելիք:

 

Քննարկման մասնակիցներն առաջարկներ են ներկայացրել նաև «Հայաստանի Հանրապետությունում հացահատիկային և հատիկաընդեղեն որոշ մշակաբույսերի տեղական սերմնաբուծության ու սերմնարտադրության զարգացում» ծրագրում որոշ մշակաբույսեր ավելացնելու վերաբերյալ:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարը, ամփոփելով քննարկման արդյունքները, նշել է, որ անհրաժեշտ է ներկայացնել առաջարկություններ իրականացվող պետական օժանդակության ծրագրերի շարունակման, առանձին հարցերի կանոնակարգման և ուղղությունների հստակեցման վերաբերյալ, ինչպես նաև ուսումնասիրել և սեղմ ժամկետներում տրամադրել գարանանացան մշակաբույսերի սերմերի պահեստավորված քանակների և պահանջարկի վերաբերյալ տեղեկատվություն` 2018 թվականի աշխատանքները պատշաճ կազմակերպելու նպատակով:

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Տպել