Գյուղատնտեսության փոխնախարարն ամփոփել է գյուղոլորտում իրականացված միջազգային ծրագրերի արդյունքները, ապահովագրության և օրգանական գյուղատնտեսության ուղղությամբ տարվող աշխատանքները
2017-12-19
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ամփոփել է 2017 թվականին գյուղոլորտում միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքները և ներակայացրել առաջիկա ծրագրերն ու անելիքները:
Փոխնախարարի խոսքով` միջազգային կառույցների հետ իրականացվող ծրագրերի հիմնական թիրախում եղել է փոքր և միջին ձեռնարկությունների զարգացումը:
«Մենք ավելացրել ենք ՓՄՁ-ներին ուղղված ֆինանսական և տեխնիկական օժանդակությունը, իսկ խոշոր ձեռնարկությունների համար միջավայրի բարելավում ապահովել, որպեսզի նրանք կարողանան ավելացնել ներդրումների ծավալները գյուղատնտեսության ոլորտում: Մեր նպատակն է խթանել բարձրարժեք գյուղատնտեսությունը և բարձրացնել արտադրողականությունը: Մենք աշխատում ենք ավելացնել ավանդական շուկաներ արտահանման ծավալները, ինպես նաև դիվերսիֆիկացնել արտահանման աշխարհագրությունը` հաշվի առնելով ազատ առևտրի համաձայնագրերը և Եվրամիության հետ GSP+, իսկ ԱՄՆ-ի հետ GSP Արտոնությունների ընդհանրացված համակարգը: Ինչ վերաբերում է տեղական շուկային, ապա մեր նպատակներից է խթանել առողջ ապրելակերպը և ավելացնել գյուղատնտեսությունում զբաղվող անհատների և կազմակերպությունների թիվը` օրգանական գյուղատնտեսության զարգացման միջոցով»,-մասնավորապես նշել է Արմեն Հարությունյանը:
Փոխնախարարը տեղեկացրել է, որ Եվրամիության և Ավստրիայի զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող օրգանական գյուղատնտեսոււթյան զարգացմանն ուղղված ծրագրի շրջանակում հաջողվել է կրկնապատկել արտադրողների թիվը, այս պահին հանրապետությունում առկա է 86 արտադրող:
Փոխնախարարն ընդգծել է, որ ծրագրերը նպատակաուղղված են եղել 6 հիմնական ուղղությունների ֆինանսավորմանը` գյուղական ենթակառուցվածքներ, ֆինանսական միջոցների մատչելիություն, մարդկային կապիտալի զարգացում, ինստիտուցիոնալ բարեփոխումներ, գյուղատնտեսական ռիսկերի նվազեցում, նորագույն տեխնոլոգիաների ներդրում:
Գյուղական ենթակառուցվածքների զարգացում
Արմեն Հարությունյանը մասնավորապես տեղեկացրել է, որ այսօր ԵՄ-ի կողմից ստորագրվել է Ֆրանսիայի զարգացման գործակալությանը տրամադրվող 10 մլն եվրո դրամաշնորհը, որը 2018-2020 թվականներին կուղղվի Արարատի և Արմավիրի մարզերում երկրորդային ոռոգման, կաթիլային ոռոգման համակարգերի տեղադրմանը ու հողերի կոնսոլիդացմանը: Այս ծրագրի շրջանակներում գյուղացիական տնտեսությունները նշված մարզերում կստանան ֆինանսական և տեխնիկական օժանդակություն: Առանձին բաղադրիչով նախատեսվում է նաև կոոպերատիվների զարգացման օժանդակություն: Այս ուղղության ներքո փոխնախարարը կարևորել է նաև ՀԲ-ի կողմից իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության», և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցության» ծրագրերը:
Ֆինանսական միջոցների մատչելիություն
Արմեն Հարությունյանը նշել է, որ աշխատանքներ են իրականացվում միջազգային կառույցների հետ, որոնք իրենց ռեսուրսները տեղաբաշխում են տեղական բանկերի միջոցով, և դրանք էլ իրենց հերթին այս միջոցները ցածր տոկոսադրույքներով տրամադրում են գյուղացիական տնտեսություններին: Նա կարևորել է նաև տարբեր ուղղություններով պետական սուբիսդավորման ծրագրերի իրականացումը:
Մարդկային կապիտալի զարգացում
Արմեն Հարությունյանի խոսքով` ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը կարևորում է կրթության որակի, խորհրդատվական համակարգի և գիտական կառույցների հզորությունների բարելավումը: Այս առումով այժմ Միավորված ազգերի զարգացման ծրագրի (UNDP) հետ համատեղ մշակվում է «Սոցիալական ներդրումների բաժնետոմսեր» փորձնական ծրագիրը, որի շրջանակում կընտրվեն և կֆինանսավորվեն դաշտում գործող առավել արդյունավետ խորհրդատվական կազմակերպությունները:
Ջերմոցային տնտեսությունների զարգացման նպատակով Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի հետ համատեղ միջոցներ են ձեռնարկվում ջերմատնային ագրոնոմների վերապատրաստման ուղղությամբ:
Ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումներ
Ինստիտուցիոնալ բարեփոխումների տեսանկյունից նոր մեկնարկած ծրագրերից է Ճապոնիայի կառավարության կողմից և Համաշխարհային բանկի միջնորդությամբ Գյուղատնտեսության քաղաքականության մոնիթորինգի և գնահատման կարողությունների զարգացման դրամաշնորհային ծրագիրը, որի հիմնական նպատակը գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերի մոնիթորինգի և գնահատման նոր համակարգերի ներդրումն է:
Օրենսդրական դաշտի բարելավման ուղղությամբ ներկայումս ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում ընթացքի մեջ են «Գյուղատնտեսության մասին օրենքի» և «Օրգանական գյուղատնտեսության մասին օրենքի» նոր նախագծերի մշակումը:
Գյուղատնտեսական ռիսկերի նվազեցում
Փոխնախարարը գյուղատնտեսական ռիսկերի նվազեցման հարցում կարևորել է գյուղատնտեսական ապահովագրության ներդրումը և ֆիզիկական պաշտպանության միջոցները: Նրա խոսքով` 2018 թվականից կմեկնարկի կարտապաշտապան ցանցերի ներդրման նպատակով պետական սուբսիդավորման ծրագիրը` զուգահեռ գյուղապահովագրության համակարգի ներդրմանը: Այս նպատակով նախօրեին KfW բանկի հետ ստորագրվել է 5 մլն եվրո արժողությամբ դրամաշնորհի համաձայնագիր, որից 4,8 մլն-ը կուղղվի ապահովագրության սուբիսդավորման վճարներին, իսկ 200 000-ը տեխնիկական օժանդակություն է: Բացի այդ, Կլիմայի ներդրումային հիմնադրամի կողմից տրամադրվել է 2 մլն եվրո, որից 200,000-ը կտրամադրվի սուբիսդավորման վճարներին, 1,8 մլն-ը` խորհրդատուի վարձրատրությանը: KfW բանկի կողմից հայտարարված խորհրդատուի մրցույթի արդյունքում ընտրվել է երեք կազմակերպություններից («MF Strategy», «Microfinance», «Agro Insurance Europe» ) բաղկացած կոնսորցիում, որի հետ համատեղ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը և Կենտրոնական բանկը կպատրաստեն առաջին փորձնական ծրագիրը:
Դրա շրջանակում կստեղծվի «Նարմա» անվանումը կրող բյուրո, որը կլինի այն գործիքը, որով կգնահատվեն բնածին աղետների վնասները, բյուրոն կզբաղվի նաև ապահովագրական պոլիսների մշակմամբ: Փոխնախարարը հույս է հայտնել, որ 2018 թվականի վերջին կամ 2019 թվականին առաջին եռամսյակում արդեն հնարավոր կլինի ձեռք բերել ապահովագրական պոլիսներ: «Մենք վստահ ենք, որ համակարգն աշխատելու է, և կնպաստի ոչ միայն գյուղատնտեսությամբ զբաղվողների ռիսկերի էական նվազեցմանը, այլև ներդրումների ներգրավմանը», – շեշտել է փոխնախարարը:
Նորագույն տեխնոլոգիաների կիրառում
Փոխնախարարն առանձնահատուկ կարևորել է նորագույն տեխնոլոգիաների ներդրման և զարգացման անհրաժեշտությունը Հայաստանի գյուղատնտեսությունում: Նրա խոսքով` Եվրամիության նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը նվիրած հարթակի շրջանակում քննարկվել է մեթոդոլոգիա, երբ նկարահանումների միջոցով վաղ փուլում հայտնաբերվում են բույսերի հիվանդությունները, նախատեսվում է նաև տեղեկատվական համակարգերի ներդրում` վիճակագրական տվյալների հավաքագրման, ամփոփման աշխատանքներում:
Ամփոփելով խոսքը` Արմեն Հարությունյանը նշել է, որ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության օժանդակությամբ վերջերս բացվել է ջրախնայողական համակարգով ձկնաբուծարան, որը մոդելային է մյուս արտադրողների համար:
Փոխնախարարը նաև հավելել է, որ այժմ նախարարությունը վերջնականացնում է համագործակցության էլեկտրոնային հարթակի ստեղծումը, որի միջոցով յուրաքանչյուր ոք կարող է ծանոթանալ ոլորտում իրականացվող ծրագրերին:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին