Ֆրանսիական ընկերությունը հետաքրքրված է ներդրումներ կատարել Հայաստանի անասնապահության ոլորտում

2017-11-17

1ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր հյուրընկալել է  գյուղատնտեսական կենդանիների արտահանմամբ և ներմուծմամբ զբաղվող ֆրանսիական առաջատար «Ժան Պոլ Բուայե» ընկերության ներկայացուցիչներին` անասնապահության ոլորտում համագործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով:

 

«Անասնապահությունը մեզ համար առաջնային նշանակություն ունի և այսօր զբաղեցնում է Հայաստանի գյուղատնտեսության շուրջ 50%-ը: Միևնույն ժամանակ մենք դեռ մեծ դաշտ ունենք  ներդրումներ կատարելու և զարգացնելու  ոլորտը, ուստի բաց ենք ու պատրաստ քննարկել  տարբեր առաջարկություններ», – ողջունելով հյուրերին` մասնավորապես նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարը:

 

Իգնատի Առաքելյանի առաջարկով կողմերը քննարկել են  ՀՀ-ում տոհմաբուծարանների հիմնման պետական ծրագրի շրջանակում համագործակցության հնարավորությունները:

 

Ընկերության ղեկավար Ժան Պոլ Բուայեն նշել է, որ Հայաստանն  անասնապահական առևտրի համար բարենպաստ աշխարհագրական դիրք ունի, ինչպես նաև հրաշալի լեռնային արոտավայրեր, և իրենք հետաքրքրված են և ոգևորված Հայաստանում ներդրումներ կատարել:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարի հետ հանդիպումից հետո «Ժան Պոլ Բուայե» ընկերության ներկայացուցիչները ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում հանդիպել են նաև մի շարք անասնաբուծական ընկերությունների հետ և քննարկել համագործակցության հնարավորություններ:

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և   հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել